Ուղիղ եթեր
Բավականին համեստ և նվիրված մարդ էր Սերգո Երիցյանը. Հակոբ Ասատրյան
copy image url

Բավականին համեստ և նվիրված մարդ էր Սերգո Երիցյանը. Հակոբ Ասատրյան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:46 25-06-2023
Oragir.News-ը զրուցել է լրագրող Հակոբ Ասատրյանի հետ, ով Սերգո Երիցյանի ընկերներից է։

Հակոբ Ասատրյանը պատմում է, որ Սերգո Երիցյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից, երբ սովորել է Մոսկվայի պետական համալսարանում։

«Նա արդեն ասպիրանտուրայում էր սովորում և իր թեկնածուական թեզը պետք է պաշտպաներ։ Նա առաջինն էր Հայաստանից, որ հեռուստատեսության գծով պետք է գիտական թեզ պաշտպաներ։ Մինչ այդ, եթե հիշողությունս չի դավաճանում, որևէ մեկը չէր պաշտպանել այդ ուղղությամբ։

Շատ պրպտող, շատ հետազոտող անձնավորություն էր դեռ այդ տարիներից։ Հետո, երբ վերադարձանք, արդեն Երևանում էինք շփվում»,- մեզ հետ զրույցում պատմեց Ասատրյանը։

Հակոբ Ասատրյանը պատմում է, որ Սերգո Երիցյանին հաջողվում էր իր «Կարծիք» հաղորդաշարի միջոցով այնպիսի լուրջ թեմաներ վեր հանել, այնպիսի սուր հարցադրումներ դնել, նույնիսկ քննադատական, որ այս ամենը նաև հասարակական կարծիք էր ձևավորում։ «Հետագայում արդեն նա անցավ մանկավարժական գործունեության, դասավանդում էր, զուգահեռ նաև աշխատում էր, բայց պետք է ասեմ հատկապես նրա գիտության և կրթության նախարար աշխատած տարիների մասին, որոնք քիչ էին՝ 3 տարի ընդամենը, նա բավականին կարևոր բարեփոխումներ սկսեց դպրոցական համակարգում։

Սրանից զատ իհարկե նախարարի պաշտոնից հետո աշխատեց լեզվի պետական տեսչությունում իբրև ղեկավար, այդ ընթացքում բավականին աշխատանք տարավ լեզվի մաքրության, հեռուստատեսության, եթերի, մամուլի, մամուլում սպրդող սխալների և այլնի մասին, բայց քանի որ լեզվի տեսչությունը լիազորված չէր որևէ պատժամիջոց կիրառելու լիազորությամբ, նա միշտ դժգոհում էր, որ չի կարողանում իր ֆունկցիան, իր պարտականությունը ամբողջությամբ կատարել»,- ասաց Ասատրյանը։

Հակոբ Ասատրյանն ասում է, որ հասարակական գործունեության ընթացքում բավականին մեծ էր նրա աշխատանքը Թումանյանի կյանքի և ստեղծագործության հանրայնացման, նրա ստեղծագործությունների տպագրման, ինչպես նաև հայ այլ մեծերի մասին գիտական կամ հանրամատչելի գրականության տպագրման գործում։

Ասատրյանն ասում է, որ որպես մարդ Սերգո Երիցյանը շատ ջերմ և անմիջական էր։ «Ընտանիքում և առօրյայում բավականին համեստ էր և նվիրված էր իր երեխաներին, կնոջը, շատ էր սիրում օգնել որևէ մեկին, ընկերներին, հարազատներին, նույնիսկ անծանոթներին։ Հետագայում շատ պատմություններ հայտնի դարձան, որ գիտության և կրթության նախարար և պատգամավոր աշխատած տարիներին որքան երիտասարդների է օգնել, որ իրենք կրթություն ստանան և հասնեն իրենց նպատակին, սակայն այդ ամենի մասին երբեք չի բարձրաձայնել։

Նա շատ կատակասեր էր և երբ ընտանիքներով հավաքվում էինք, միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում»,- պատմում է Ասատրյանը։ Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Սերգո Երիցյանը չափից դուրս աշխատասեր էր և երբեմն զարմանալ կարելի էր, թե ինչ արագությամբ է նա կարողանում հրատարակչության պատրաստել գրքերը։

«Ամեն մարդ իր առաքելությունն է կատարում այս կյանքում, դժվար թե որևէ մեկը Սերգոյի ձևով, նման կատարած աշխատանքը լրացնի։ Ամեն մեկը մի անհատականություն է և ամեն մեկը իր ձևով է որևէ աշխատանք կատարում։ Իհարկե, նրա բացը կզգացվի...»,- ասաց Հակոբ Ասատրյանը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը