Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
copy image url

 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս

Ներքին 3 ժամ առաջ - 23:00 21-04-2025
Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք ծագումով Հադրութից Ռուդոլֆ Օգանովին (1946-1999), ով ԽՍՀՄ և հետխորհրդային տարածքի հանցագործ աշխարհի վրա (և ոչ միայն) իսկապես ֆանտաստիկ, հսկայական ազդեցություն է ունեցել, ու նա արցախցիների մեջ այդպիսի միակը չէր, թեկուզ և ամենաազդեցիկն էր։

Այս հրապարակման մեջ մենք կներկայացնենք նաև էլի մի քանի ծագումով արցախցիների, ովքեր նույնպես մեծ ազդեցություն են ունեցել այդ աշխարհում, ընդսմին, ընդգծելով, որ մենք ամենևին էլ մտադրություն չունենք փառաբանել գողական ենթամշակույթը, մեր նպատակն, ընդամենը, անցած-գնացած եղելությունների արձանագրումն է, որոնք, ամեն դեպքում, մեր պատմության մի մասն են։

Շատ հայտնի և ազդեցիկ էին նաև Ռուդիկի երկու եղբայրները՝ Ալեքսանդր Օգանովը` «Սաշիկ Բակինսկին» (1950-1974)


և Վլադիմիր Օգանովը՝ հռչակավոր «Վաչկոս շեստիպալին» (1954- 2002. նա երկու ձեռքերին էլ վեցական մատ է ունեցել, հետագայում դրանցից մեկը՝ ձախ ձեռքինը, հեռացվել է, քանի որ այն խանգարում էր), ում անվան շուրջ դեռևս կենդանության օրոք լեգենդներ էին հյուսվում



(ձախից «Վաչկոսը», աջից՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գողերից մեկը՝ «Դատո տաշկենտսկին», ով, ի դեպ, եղել է ստեփանակերտցի Գագիկ Գալստյանի՝ «Սվերդլովսկի Գագոյի» մտերիմ ընկերը, նրա հետ եկել է Արցախ և մկրտվել Գանձասարի վանքում)։

Օգանովների ընտանիքն ապրում էր Բաքվի Զավոկզալնի 6 փողոցում (ավելի ճիշտ կլիներ ասել՝ կոնկրետ Ռիլեևի փողոցում)։ Ընդհանրապես, Զավոկզալնի փողոցն ավելի շատ թաղամաս էր հիշեցնում՝ շատ մեծ էր և ընդգրկուն, շատ հայտնի, աշխույժ ու սիրված, այն աստիճան, որ Իգոր Տիմակովի լեգենդար երգը (,,Завокзальная улица,,), որ ավելի քան երեք տասնամյակ է՝ հիթային է, հենց նրան է նվիրված։ Ցեխավիկներ, ռեստորատորներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ոսկեձեռք արհեստավորներ և, իհարկե, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ՝ ջեբկիրներ, «կատալաներ» (թղթախաղի վիրտուոզ վարպետներ, որոնք «գոստրոլներ» էին ունենում ԽՍՀՄ ողջ տարածքում), առանց որոնց ոչ միայն Զավոկզալնին, այլ, ընդհանրապես, այն տարիների Բաքուն հնարավոր չէր պատկերացնել։ Ու փողոցը, առանց չափազանցության, այն տարիների Բաքվի համար այցեքարտի պես մի բան էր։ Ի դեպ, հայտնի հումորիստ Կարեն Ավանեսյանը Զավոկզալնի փողոցի մասին սիրված անեկդոտների շարք ունի։

Դե, պարզ է, որ դրության տերն այստեղ հայերն էին, որոնց մեջ, թող ներվեմ, մեր հարևաններին անվանում էին ,,чушка,,՝ խոզի մռութ, խոճկոր, ու դա, կփաստեն տարեց բաքվեցիները, այդպես էր։ Ու ոչ միայն այստեղ, հայերինն էր նաև «Արմինիքենդը», նրանք ազդեցիկ էին նաև «Բայիլ»-ում և այլուր՝ Բաքվի ողջ տարածքում։ Ու նույնիսկ երբ 1969-ի կեսերին Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում Հեյդար Ալիևը փոխարինեց Վելի Ախունդովին, և սկսվեցին բացահայտ հետապնդումները հայազգի ցեխավիկների նկատմամբ (նրանցից ոմանք եկան Երևան, ոմանք անցան Ռուսաստան), սկսվեց զզվելի խտրականությունը պաշտոնների նշանակման և, անգամ, ուսուցիչների ընտրության ժամանակ, Զավոկզալնիում, առավել ևս, Բաքվի գողական աշխարհում, հայերը մնացին դրության տերերը․ այն ժամանակներում ասում էին․ «Կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս», ում անունը թնդում էր ողջ Բաքվում, և ով 16 տարեկանում բունտ էր կազմակերպել Բաքվի բանտում, ու հրդեհը տեսանելի էր երեք օր։

Երբ 80-ականների վերջին «Վաչկոսը» պատժեց օրենքով գող Էնվեր Սաֆարովին («Էնվեր սովետսկի»), մոտ երկու տասնյակ ադրբեջանցի նրա կոլեգաները՝ լեգենդար Բախտիյար Քերիմովի («Բատյա», «Բասիլավա», «Բախո նովխանինսկի». հենց նա է առայսօր ամենահայտնին, ամենասիրվածն ու ազդեցիկը համարվում ադրբեջանցիների մեջ և ոչ թե «Ռովշանը» կամ «Գուլին») գլխավորությամբ, մի կերպ փրկեցին իրենց ընկերոջը, իսկ մինչ այդ՝ 1980-ին Բաքվում օրենքով գողերի ինտերնացիոնալ՝ վեց հոգանոց խումբը «Վաչկոսի» տիտղոսը հարցականի տակ էր դրել, բայց Ռուդիկը միանձնյա փոխեց այդ որոշումը։ Ինքը Վաչկոսն էլ մեկ հոգու չէ, որ թագազրկել է․ նրանցից մեկն էլ բաքվեցի «Պողոսիկն» էր՝ (Ռոբերտ Մարտիրոսով), ով շատ հայտնի ջեբկիր էր (այն ժամանակներում նրա մասին ընդունված էր ասել․ ,,Золотые пальцы Погоса,,), հայտնի Սարոյի որդին և 16 տարեկանում իրեն հայտարարել էր օրենքով գող (նախկինում, ընդհուպ մինչև 70-ականների սկզբները, պարտադիր չէր, որ թագադրվել ցանկացողի համար երկու կամ երեք հոգի երեշխավորեին․ մարդն ասում էր՝ ես այսպիսին եմ, ապրում եմ այդ կյանքով և վերջ․ բայց վա՜յ նրան, երբ մի օր կհայտնվեր մեկը և ուրիշ բան կվկայեր), ինչպես նաև թագադրել է մոտ երկու տասնյակ հոգու։ Եվ 90-ականների սկզբին Օգանովները գնացին Մոսկվա և իրենց ազդեցությունը տարածեցին այնտեղ:


(ձախից՝ Ռուդիկը, աջից՝ «Վաչկոսը»՝ ռուս գողերի շրջապատում)

«Վաչկոսը», ինչպես ռուսական հանցավոր աշխարհի մի փորձագետ է վկայում, Մոսկվայի Չերկիզովյան շրջանի տերն էր, ում խմբում քսան օրենքով գող կար: Իսկ այդ շրջանում էր հենց Չերկիզովյան շուկան՝ «Չերկիզոն»-ը, որը պատկանում էր ադրբեջանցի հայտնի գործարար՝ հրեա միլիարդատեր Թելման Իսմայիլովին։

Նրա հսկայական ազդեցության արեալի վերջում կարող էիր տեսնել հայտնի կատարողների՝ Սոսո Պավլիաշվիլիին (Սոսո Պավլիաշվիլին և «Վաչկոսը»),


Բորիս Դավիդյանին՝ Բոկային, Կարեն Ավանեսյանին, Միխայիլ Միրզաբեկովին և Յուրի Ավանեսյանին։ Առնվազն երկու անգամ «Վաչկոսն» ու Ռուդիկը Բոկային բերել են Ստեփանակերտ՝ իրենց ընկերոջ՝ Հրաչիկ Սարգսյանի («Զավադսկոյի Հաչո») որդու ծննդին երգելու, իսկ 1997 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուդիկի ծննդյան օրը հատուկ ԱՄՆ-ից ժամանած հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան էլ երգելիս ասել է․ ,,За Пахана!

(«Վաչկոսի» այս լուսանկարը հենց այդ օրվանից է՝ 14․12․ 1997)։

Օրենքով գող Օգանովների երրորդ եղբայրն էլ Ալեքսանդրն էր՝ «Սաշիկ Բակինսկին», ով թագադրվել է 1972-ին։ Սպանվել էր Խերսոնում՝ 1974 թվականին՝ մի ադրբեջանցի երիտասարդի դաժան ծեծից փրկելիս: Նա այնքան պինդ առողջություն է ունեցել, որ անգամ բժշկական քարտ չի ունեցել։

Օգանովների հզորագույն կլանի անդամներ էին նաև օրենքով գողեր՝ նրանց քրոջ ամուսին Ռաֆայել Ավակովը («Ռաֆիկ ինգլաբովսկի»),



քրոջ դստեր ամուսին Ալբերտ Աբրամովը («Ժենյա Տաշկենտսկի», լուսանկարում՝ աջից՝ Ռուդիկի հետ),



Բորիս Սարկիսովը՝ «Բիչոկը»,



և Ստեփանակերտում ծնված, հետո Բաքու տեղափոխված Արտուր Խալաֆյանը՝ «Կլոպ» մականունով։



Վերջին երկուսը «Վաչկոսի» մանկական ընկերներն էին։
1998 թվականի հոկտեմբերի 23-ին, երբ «Կլոպը» պառկած էր Սամարայի հիվանդանոցներից մեկում, և Ռուդիկ-Խասան պատերազմը հասել էր գագաթնակետին, նրան կաթսայով մածուն են ուղարկում, որի մեջ ․․․ պայթուցիկ սարք էր տեղադրված։

Անկասկած, Ռուդոլֆ Օգանովից հետո ծագումով արցախցի ամենաազդեցիկ օրենքով գողը Մարտակերտ քաղաքում ծնված Ռաշիդ Խաչատրյանն է («Ռաշիդ ջամբուլսկի»), ով, սկսած արդեն 90-ականների վերջից, ամենաազդեցիկ գողերից մեկն էր ընդհանրապես և ում մեծարում էին որպես Батя (հայրիկ)։



Նա Հայաստանի տարածքից ավելի քան չորս անգամ մեծ Օրնբուրգի մարզի, այսպես ասենք, թիվ մեկ օրենքով գողն էր ավելի քան երկու տասնամյակ։ Ու դա գողական հարուստ ավանդույթներ ունեցող մի տարածքում, որտեղ քիչ չէին հենց տեղացի թագակիրները՝ «Բաբոնը», «Իկոնան», «Տիմոխան» և այլոք։ Ու երբ նրան ազատազրկման վայր էին տանում, ողջ գաղութը միաբերան կանչում էր՝ Жизнь ворам! (կյանք գողերին․ այս խոսույթն ի հայտ է եկել 90-ականների արյունահեղ հակամարտությունների արդյունքում)։

Ռաշիդը համարվում է հին ավանդույթների կրող, կոշտ է և անզիջում գողական կոդեքսը խախտողների նկատմամբ, ու նրա մի հայացքը, ինչպես վկայել են նրան ճանաչողները, բավական էր, որ ամեն ինչ իր տեղն ընկնի ու իր տեղով գնա։ Նա մեկն է այն հազվագյուտներից, ով միշտ էլ պատրաստ է եղել կրելու մեծագույն պատասխանատվություն, ինչի պատճառով էլ միշտ վայելել է մեծ հարգանք՝ ամենաբարձր մակարդակով և բոլորի կողմից։

Մեծ ազդեցություն ուներ նաև օրենքով գող, Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում ծնված Հայկ Նիկողոսյանը՝ «Հայկոն» (առաջին շարքի մեջտեղում), ով 90-ականներին Ստավրոպոլի միահեծան տերն էր և նույնպես, իր հեղինակության ու ազդեցության շնորհիվ, շատ հայրենակիցների է օգնել։



Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ: