Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի աջակցությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և համագործացկության հաստատմանը՝ ուղղված մարդկանց, ապրանքների և ծառայությունների անխափան տեղաշարժի ապահովմանը:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ խթանելու հավասար և ոչ խտրական փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս: