«Յուրաքանչյուր ժամանակ իր դեմքով է գալիս, դեմքը չեմ տեսնում, պատերազմական հոգեբանությունը չի թողնում կողմնորոշվել»։ Մշակութային դրական և բացասական շարժերի, ցանկալի փոփոխությունների վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի հետ։
Վերջինս, անդրադառնալով մշակութային խնդրին, նշեց, որ երկու բառով չի կարող ներկայացնել, բայց մշակույթի խնդիրը շատ խորն է, անցյալի մերժումը դեռևս չի կարողանում ինքնադրսևորում ունենալ․ հային խաղաղություն է պետք՝ իր շնորհները ծաղկեցնելու համար։
Ռուզան Ասատրյանը բազմաթիվ հոդվածների, 32 գրքի հեղինակ է։ Նրա նոր լույս տեսնելիք «Հայա» վեպը, ըստ հեղինակի, չնահանջող հայուհին, պարտություն չընդունող Հայաստանն է։ Գրողի կարծիքով՝ յուրաքանչյուր գիրք ասելիք պետք է ունենա, սեփական ազգի անվտանգային գաղափարական նախապատրաստվածություն պետք է ունենա։ Պետք է սերնդի համար ապրեցնելու դեղատոմս լինի՝ ի հակադրություն քաղաքակրթություններ կործանողների։ «Հայա»-ն հենց սրա մասին է։
«Ինչ մնում է գրքին, նա դեռ անավարտ է, գրել եմ ժամանակի թելադրանքով, որպես դաս ու պատգամ՝ հիմք ընդունելով Նժդեհի` «Մայրերի ափերի մեջ պետք է որոնել ազգերի ճագատագիրը» կտակը: Սա հայոց ազգի փրկության հիմնն է»,- ասաց Ռուզան Ասատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես առաջացավ գիրքը գրելու միտքը։
Խոսելով գրքի բովանդակության, գաղափարի առաջացման մասին՝ Ասատրյանը ասաց, որ «Հայա»-ն հայ ազգի ծագման սկզբնաղբյուրն է հնագույն ձեռագրերում․ «Ես նրան ժամանակների միջից զգուշորեն ներկա եմ բերել․ հայ կինը ամեն ինչ է, իր տեսակի, ցեղի, լեզվի, երկրի պաշտպանության ոլորտում: Նա իրական կերպար է, նա կա, ապրում է մեր կողքին, ամեն հայ կնոջ մեջ մի կաթլ կա քնած, որ կոչվում է ՀԱՅԱ»։