Մայրաքաղաքից դուրս՝ հեռավոր մաթեւոսյանական Ծմակուտում մեղվապահությունը կանացի գործ է: Այստեղ շատ են կանայք, որ իրենց գործի գիտակն են, անարատ ու որակյալ մեղր են ստանում, քանի որ Թումանյանի Մոտկորի 6 բնակավայրերը շրջապատված են հարուստ բնությունով:
Երեւանից ու հանրապետության տարբեր անկյուններից են մեղրի գնորդներ գալիս: Սա, իհարկե, եկամտի աղբյուր է, բայց սեզոնային գործ է ու նաեւ ռիսկային՝ հաճախակի դարձած ու տարածված հիվանդություններով պայմանավորված: Ոչ միայն աշխատանքի այլ լավ կյանքի համա երիտասարդները շարունակում են լքել Մոտկորի 6 գյուղերը: Թեեւ վերջին տարիներին Մոտկորի գյուղախմբի 6 գյուղերում՝ Աթան, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Մարց եւ Քարինջ, լուծվում են ճանապարհի, գազաֆիկացման, խմելու ջրի ու ենթակառուցվածքային այլ խնդիրներ, բայց դա մեծ հաշվով շատ բան չի փոխում ու բավարար չէ երիտասարդների գյուղում պահելու համար: Գլխավորը՝ աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով երիտասարդները շարունակում են հեռանալ, գյուղն էլ՝ ծերանալ: