Ուղիղ եթեր
Պրիգոժինի ապստամբությունը և ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը որևէ կերպ համեմատելի չեն
copy image url

Պրիգոժինի ապստամբությունը և ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը որևէ կերպ համեմատելի չեն

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 21:30 26-06-2023
Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից բարձրացված մեկօրյա ապստամբությունը շարունակում է մնալ քաղաքագետների և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում, քանի որ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք մինչև այժմ պատասխան չեն ստացել։

Մասնավորապես շատերը զուգահեռներ են անցկացնում Ռուսաստանում տեղի ունեցած զինված ապստամբության և 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում կայացած իշխանափոխության միջև։ Այս շրջանակները պնդում են, որ եթե գործող վարչակազմը չի ցանկանում հանձնել իշխանություն, ապա որևէ մեկը նրան չի կարող պարտադրել դա անել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ երկու իրադարձությունները որևէ կերպ համեմատելի չեն և բացարձակապես նմանություններ և զուգահեռներ չունեն։ Նրա խոսքով՝ դեռևս հարցական է նաև Պրիգոժինի դերակատարությունը, ով փաստացի գնաց անձնազոհության, լիարժեք հեղինակազրկվեց և այլևս ռեաբիլիտացիայի հնարավորություն չունի։

Քաղաքագետը նաև նշեց, որ կրկին կասկածելի է, թե ՌԴ բարձրագույն իշխանության կողմից կերաշխավորվի՞ Պրիգոժինի անվտանգությունը, թե՞ ոչ։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ հարուցված քրեական գործը կարճվել է, սակայն վարույթը շարունակվում է։ «Սա էլ է մութ պատմություն, թե ինչու նա գնաց անձնազոհության։ Մենք չենք կարող հասկանալ, թե այս գործողությունների բուն մոտիվացիան որն էր, և Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ անալոգիաներ անցկացնելը, իմ գնահատմամբ, գործից անտեղյակ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Սա նույն է, եթե օդային որևէ իրողություն համեմատենք ստորջրյա իրողության հետ»,- նշեց նա՝ վերահաստատելով, որ Պրիգոժինի ապստամբությունը և ՀՀ-ում կայացած իշխանափոխությունը որևէ կերպ համեմատելի չեն։

Հարցին, թե որոնք էին Պրիգոժինի բարձրացրած ապստամբության ձախողման պատճառները, քաղաքագետը նկատեց, որ եթե անգամ վերջինս իր զինված ուժերով մտներ Մոսկվա, ապա ֆորմալ առումով հարաբերականորեն «նվաճում էր Մոսկվան», սակայն դա չի նշանակում, որ նա կարողանում էր զավթել բարձրագույն իշխանությունը։ Նրա խոսքով՝ փաստ է, որ Մոսկվան գրավելով անհնար է ՌԴ-ում բարձրագույն իշխանությունը վերցնել, ինչը ապացուցել է պատմությունը։

Սիմոնյանը շեշտում է, որ Պրիգոժինի նպատակը պաշտպանության նախարար Շոյգուի և ԳՇ պետ Գերասիմովի հեռացումն էր, իսկ հեռացման մեթոդները կլինեին իր երևակայության արգասիքը․ կա՛մ կձերբակալեին, կա՛մ կչեզոքացներին և այլն։ Նրա համոզմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պրիգոժինը մինչև վերջ չգնաց, կարելի է ենթադրել, որ Պրիգոժինը պրոյեկտ էր, իսկ պրոյեկը ՌԴ-ի ներսի՞ց էր, թե՞ դրսից, այս հարցում նույնպես տարբեր կարծիքներ կարող են լինել։

«Եթե դիտարկենք այն տարբերակը, որ սա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպված պրոյեկտ էր՝ իր դեմ հակակրանք ունեցող ուժերին բացահայտնելու համար, ապա անգամ դա բացահայտելով էլ նա թանկ գին վճարեց, քանի որ Պանդորայի արկղ է բացել։ Նա դրանով ցույց տվեց, որ երկրի ներսում հնարավոր է նման ապստամբություն, ինչպես նաև երևաց, որ չկա մի ուժային կառույց, որը կարող է ֆորմալ կասեցնել այդ ապստամբությունը։ Սա ուղերձ էր նաև ուկրաինական բանակին, որ Վորոնեժից վերև անվերահսկելի իրավիճակ է, և եթե կարողանան ճեղքում իրականացնել, ապա կկարողանան բավականին մոտենալ։ Ընդ որում եթե Պրիգոժինը Ռոստովից գնաց Վորոնեժ, ապա ուկրաինացիները շատ ավելի մոտ սահման ունեն, որը Մոսկվայից հեռու է 400 կիլոմետր»,- նշում է նա։

Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ տեղի ունեցած սպանությունների և օդաչուների զոհվելու ֆոնին Պրիգոժինի նկատմամբ հարուցված գործը կարճվեց։ Նրա խոսքով՝ սա Պանդորայի արկղ է բացել, և Ռուսաստանում դեռևս չեն հասկանում, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Սիմոնյանի համոզմամբ՝ սա նաև ուղերձ է բոլոր շահագրգիռ կողմերին, որ եթե նմանատիպ իրողություն տեղի կունենա, ապա հավանականություն կա, որ իրենք նույնպես պատասխանատվությունից կարող են խուսափել։

Վերջինս նաև հայտնեց, որ եթե անգամ Պրիգոժինին պատժեն, կամ ոչնչացնեն նրան, ապա դա կրկին ուղերձ կլինի բոլորին, որ եթե որևէ մեկն այդ գիծը հատեց, ապա ստիպված է լինելու գնալ մինչև վերջ, որովհետև միևնույնն է, իրեն կոչնչացնեն։ «Պատկերացրեք, որ բոլոր վերջնարդյունքների պարագայում էլ Պուտինի համար պարտվողական հանգամանք կա, եթե այս ամենը նա է կազմակերպել։ Իսկ եթե նա չի կազմակերպել, ապա կարող ենք ենթադրել, որ արևմտյան ուժերն են, և մինչև վերջ չգնալու հիմնական հանգամանքն այն էր, որ նրանք հաղորդագրություն էին հասցնում Վլադիմիր Պուտինին, սակայն դա ո՞ր ուղղությունից էր՝ մենք դեռևս չենք կարող ասել։ Ամենայն հավանականությամբ դա Միացյալ Նահանգների զարտուղի ճանապարհներով կարող էր արված լինել, իսկ եթե այդպես է, ապա գլխավոր քաղաքական մեսիջն այն էր, որ ցանկության դեպքում իրենք անձերի մակարդակով կարող են մինչև վերջ գնալ, բայց դրան չեն գնում, քանի որ դրանով միջուկային տերությանը ապակայունության և ճգնաժամերի մեջ կգցեն, ինչով իրենց համար անվերահսկելի իրավիճակ կստեղծեն»,- կարծում է նա։

Գուրգեն Սիմոնյանն ընդգծում է, որ եթե Ռուսաստանում կադրային ջարդ սկսվի, ապա դա կնշանակի, որ սա Պուտինի կողմից իրականացված պրոյեկտ էր, իսկ եթե ուկրաինական գրավյալ տարածքներից էվակուացիա սկսեն, ապա կարելի է ենթադրել, որ մեսիջ էր Արևմուտքի կողմից։ «Սակայն ինչ էլ որ լինի, ես կառաջարկեմ, որ այս ուղղությամբ շատ չծանրանանք, շատ չվերլուծենք հիմքերը, քանի որ սա արդեն անիմաստ գործողություն է։ Ինչ էլ որ լինի, դրանց բուն նպատակը և ցանկալի արդյունքները, դրանք արդեն ոչ էական են, քանի որ գործողությունը կատարվել է ժամանակի մեջ և այլևս արդիական չէ՝ անկախ նրանից ռազմաքաղաքական հետևանքներ ունենալո՞ւ է, թե՞ ոչ, և մենք կպարզաբանե՞նք դրա հիմնական մոտիվները, թե՞ ոչ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը