«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»,- իր կյանքի ճանապարհի մասին գրում է Շառլ Ազնավուրը։
Քնար և Միքայել Ազավուրյանների ընտանիքում ծնված որդին, որի անունը՝ Շահնուր, ֆրանսիացի մանկաբարձուհին չկարողացավ արտաբերել և կոչեց Շառլ, ապրեց ֆրանսիական միջավայրում՝ գաղթականի կյանքով, անցավ դժվարությունների միջով, բայց նվաճեց աշխարհը։

9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոյում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիկայի կենտրոնական դպրոց: Բայց արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը, և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբողջ կյանքը ապրելով Ֆրանսիայում՝ Ազնավուրը երբեք չի մոռացել, որ ինքը հայ է: 1998 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահանմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.:

«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ-որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ․ ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:
Բայց Ազնավուրը զարմացրեց աշխարհին․․․

«Ֆրանսիայում պոետները չեն մեռնում»,- վեց տարի առաջ՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եվ Ազնավուրն ապրեց․․․ Այսօր հայազգի շանսոնիեի հիշատակի օրն է։