Կարող ես հաղթել ընտրություններում, երբ Թրամփի նման կամք ունես ու պայքարելու ուժ
copy image url

Կարող ես հաղթել ընտրություններում, երբ Թրամփի նման կամք ունես ու պայքարելու ուժ

Ներքին 9 ամիս առաջ - 09:00 15-07-2024
Մահափորձից հետո Թրամփի վարկանիշը որոշակի բարձրացավ։ Այդ ուղղությամբ մեջ ջանք թափեց նրա թիմը և անձամբ ինքը։ Այս համատեքստում քննարկվում են վարկածներ, թե այդ դեպքում ու՞մ էր ձեռնտու մահափորձը և ո՞վ շահեց վերջնարդյունքում։

Քանի որ խոսքը վերաբերում մարդու կյանքին, առողջությանը, ապա մահափորձի բեմադրվելու վերաբերյալ ցանկացած կասկած անբարոյական է։ Հետևապես այն կասկածները, թե մահափորձը բեմադրված է եղել հանրապետականների կողմից, չեն քննարկվում հրապարակայնորեն, որ տպավորություն չստեղծվի, թե ամերիկյան ժողովուրդը կորցրել է բարոյական առանցքն ու այլասերվել այն աստիճանի, որ կարող է նման զզվելի կասկածներ ունենալ։ Մանավանդ, որ հուլիսի 14-ի կրակոցների հետևանքով կա վիրավոր, իսկ 20-ամյա հարձակվողը սպանվել է։

Իսկ եթե լինի հակառակը, և հանրությունը սոցցանցերում ու ԶԼՄ-ներում ակտիվոերն քննարկի մահափորձի բեմադրված լինելու վարկածը, ապա Թրամփի վարկանիշը շեշտակի կընկնի, իսկ Ամերիկան բարոյապես շատ արագ կքայքայվի ու խոցելի կդառնա։ Հետևապես՝ առաջիկա օրերին ամերիկյան հատուկ ծառայություններն ամեն ինչ անելու են, որպեսի կանխեն մահափորձի բեմադրված լինելու ասեկոսեները, բացատրելով հանրությանը, որ դա ազգային անվտանգության խնդիր է։ Այսինքն՝ պետական մեքենան ակամա նպաստելու է Թրամփի վարկանիշը բարձրացմանը։

Այսինքն՝ ամերիկացի ժողովուրդը չի քննարկի մահափորձի բեմադրված լինելու վարկածը ոչ թե Թրամփի վարկանիշը չգցելու, այլ հասարակությունը չայլասերելու և անվտանգային խնդիր չստեղծելու համար։ Սակայն արդյունքում շահելու է Թրամփը, քանի որ նրա վարկանիշը բարձանալու է, նրա հաղթելու շանսերը աճելու են։

Ուշագրավ է նաև միջազգային հանրության արձագանքի էֆեկտը։ Աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից ԱՄՆ դաշնակից երկրներին, ԵՄ երկրներին, Ուկրաինային, Հայաստանին ձեռնտու է, որ Թրամփը չհաղթի։ Թրամփի իզոլյացիոնիզմը ձեռնտու չէ դաշնակիցներին, այդ թվում՝ Հայաստանին։ Եվ չնայած՝ մահափորձից հետո դաշնակիցների արձագանքի առանցքն արժեքային էր, սակայն մակերեսում տպավորություն էր ստեղծվում, թե դաշնակից երկրներն աջակցում են Թարմփին։ Այսինքն՝ միջազգային արձագանքը ևս դրականորեն է անդրադառնալու Թրամփի վարկանիշի և հաղթելու շանսերի վրա։

Իրենք՝ Թարմփն ու հանրապետականները ևս վարպետորեն օգտվեցին իրավիճակից։ Առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ինչ-որ ազդեցիկ մութ ուժեր դեմ են, որ Թրամփը դառնա նախագահ։ Եվ կարող էր տարածվել վախ, որ այդ մութ ուժերը կանգ չեն առնելու և կրկին են փորձելու։ Այս վախը կարող է ազդել ընտրողների վրա։ Հետևապես՝ այստեղ կարևոր է հանրապետական թիմի և թեկնածուի վարքն ու արձագանքը։ Մահափորձից հետո Թրամփը կարող էր վախենալ, ընկճվել, հուսահատվել, դադարեցնել ընտրարշավը, նույնիսկ՝ դուրս գալ ընտրապայքարից։ Սակայն նա, ամենայն հավանականությամբ, ոչ միայն դուրս չի գա, այլ ավելի ոգևորությամբ կշարունակի պայքարը։ Նրա բռունցքի ճոճումն օդում դրա վառ խորհրդանիշն է։

Ամերիկայի նախագահի թեկնածուն այս կերպ ցույց տվեց, որ վճռական է, հաղթելու կամք ունի և պայքարելու ուժ։ Դա հաջողության հասնելու անհրաժեշտ պայմանն է։ Ի տարբերություն ԱՄՆ-ի ՀՀ-ում կուսակցություններն ու քաղաքական գործիչներն այլ կերպ են մտածում։ Համատարած ընկճվածություն է մեզ մոտ։ Դեռ 2 տարի կա ընտրություններին, բայց արդեն խոսում են, որ անհնար է հաղթել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում, բերում են հազար ու մի պատճառ, որոնք կան նաև ԱՄՆ ընտրություններում, բայց Թրամփը չի վախենում և խիզախորեն պայքարում է։

Կարճ ասած՝ հայ քաղաքական գործիչը կարող է օրինակ վերցնել 78-ամյա Թրամփից, մի կողմ թողնել անհիմն վախերը, կասկածները, կազմակերպվել, հաղթել ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան