Հասարակությունը պառակտելու և ատելություն սերմանելու շրջանակներն ընդլայնվում են։ Սև-սպիտակի, նախկին-ներկայի և այլ բաժանումներին օրեր առաջ ավելացավ նաև քաղաքացի-գյուղացի բաժանումը։
Ապրիլի 13-ին Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ոռոգման և խմելու ջրի խնդրին, հանիրավի մեղադրել է երևանցիներին։ «Երևանում մի քանի հարյուր հազար ջրի բաժանորդ կա։ Ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան առանց նպատակի թողնի ջուրը չռա, էդ նշանակում է՝ Շվանիձորի նման Հայաստանի 62 բակավայր ջրից զրկվում է»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի այս մանիպուլյացիան նախևառաջ կեղծ է։ Ատամնաբույժները ոչ միայն խորհուրդ են տալիս լվալ ատամները, այլև բացատրում են՝ ինչպես ճիշտ լվալ դրանք։ Նշում են, որ մածուկով, խոզանակով ուղղահայաց մաքրելուց ու թքելուց հետո պետք է վերցնել բաժակով գոլ ջուր, մեծ կում անել, լավ ողողել, ու վերջ։ Ծորակը բաց թողնել-չթողնելու մասին խոսք չկա։ Մեկ անգամ ատամնաբույժի այցելածը, ենթադրաբար՝ գրեթե բոլոր երևանցիները գիտեն՝ ինչպես ճիշտ լվալ ատամները։ Փաշինյանը չգիտի՞։ Փաշինյանը երբեք ատամնաբույժի մոտ չի գնացե՞լ, չի լսե՞լ նրա խորհորդը։ Ինչո՞ւ է նա կարծում, թե երևանցին ատամ լվալիս վատնում է ջուրը։
Փաշինյանի այս մանիպուլյացիան նաև վտանգավոր է։ ՔՊ առաջնորդը հանրային համերաշխության ջատագովության փոխարեն՝ փաստացի թշնամանք է հրահրում երևանցիների և գյուղացիների միջև։ Փորձելով քողարկել ապաշնորհ կառավարումը և ջրի խնդրի իրական պատճառները, նա ակնարկում է, թե երևանցիներն են այն վիշապը, որը զրկում է գյուղացիներից ջրից։ Ի՞նչ անխիղճ են այդ երևանցիները, ինչքա՞ն են ատում գյուղացիներին, հատկապես Շվանիձորի նման 62 գյուղերի բնակիչներին, որ նրանց զրկում են ջրից։ Եթե շվանիձորցին, կամ ընդհանրապես՝ գյուղացիները լուրջ ընդունեն Փաշինյանի այս խոսքը, ապա ատելությամբ կլցվեն երևանցիների հանդեպ։ Ի վերջո՝ եթե Փաշինյանի կարծիքով՝ երևանցիներն իրոք վատնում են ջուրը, ապա այդ մասին նա թող ասի երևանցիների հետ հանդիպումների ժամանակ։ Ինչո՞ւ է այդ օրինակը բերում Շվանիձորում, որը Երևանից 374 կմ հեռու է։
Ենթադրելի է, որ ատամները լվալու թեմայով գյուղացիների և երևանցիների միջև ատելություն հրահրելն ունի քաղաքական քողարկված նպատակ։
Առաջին վարկածը կապված է Սյունիքի ուղղությամբ ռուս-ադրբեջանական հավակնությունների հետ։ Եթե Փաշինյանը մտադիր է զիջումների գնալ այս հարցում, ապա նրան անհրաժեշտ են լինելու ոչ միայն սյունեցիների աջակցությունը, այլև սյունեցիների ատելությունը երևանցիների հանդեպ։ Երբ ընդդիմախոսները, լրագրողները Երևանից կգան Սյունիք, կքննադատեն Փաշինյանին այդպիսի զիջումների գնալու մտադրության համար, ապա սյունեցիները կպաշտպանեն Փաշինյանին, քանի որ երևանցիները վիշապ են, ատամները լվալիս անխնա վատնում են ջուրը, գյուղացիներին զրկում ջրից։
Երկրորդ վարկածը կապվում է առաջիկա ԱԺ ընտրությունների հետ։ Փաշինյանը գյուղերում ավելի բարձր վարկանիշ ունի, քան քաղաքներում։ Սակայն քաղաքացիները ազդում են գյուղացիների կողմորոշման վրա, քանի որ քաղաքացիները քաղաքականապես ավելի տեղեկացված են։ Ենթադրելի է, որ Փաշինյանը մանիպուլյացիայի միջոցով փորձում է անվստահություն ներշնչել քաղաքացիների հանդեպ, որ գյուղացիները չհետևեն քաղաքացիների օրինակին ու առաջիկա ԱԺ ընտրություններում ՔՊ-ին ընտրեն։
Կարճ ասած՝ ինչ էլ լինի քաղաքացիների ու գյուղացիների միջև ատելություն սերմանելու պատճառն, այն հակաժողովրդական է, ապապետական, կործանարար, քանի որ խախտվում է ներքին խաղաղությունը։ Մանավանդ պարտությունից ու կորուստներից ընկճված ժողովրդին անհրաժեշտ է միավորել գաղափարի, իդեալի շուրջ, ոչ թե պառակտել, քանի որ պառակտված ու ատելությունից քայքայված հասարակության պարագայում մշակույթ չի ստեղծվում, տնտեսություն չի զարգանում, նույնիսկ ամենամարտունակ բանակը կարող է պարտվել, երբ գյուղացիները երևանցիներին ատեն։
Թաթուլ Մկրտչյան