Այսօր՝ 14:00-14:30-ի սահմաններում, Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող բարձրահարկ էլիտար շենքի բակում՝ Արցախի հերոս, հադրութցի գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի տան առաջ, իրականացնում էին բողոքի ակցիա:
Oragir.News-ի հետ զրույցում «Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության համահիմնադիր Հովիկ Մայիլյանը նշեց, որ արցախյան վերջին՝ սեպտեմբերյան դեպքերից հետո, ստեղծված հասարակական կազմակերպությունը առաջնային օգնություն է ցուցաբերում վերջին պատերազմում զոհված և բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց ընտանիքներին:
«Ըստ մեր կանոնադրության ու նպատակների՝ առաջնային գործոն ենք համարել դիմել Արցախում պաշտոնավարած, բիզնես վարած այն անձանց, որոնք ֆինանսապես կայուն վիճակում են գտնվում և կարող են ինչ-որ ձևով օգնության ձեռք մեկնել մեր ժողովրդին»,- ասաց նա:
Մայիլյանն իր խոսքում նշեց նաև, որ քանիցս նամակներ են ուղղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հանդիպել իր հետ.
«Ճիշտն ասած՝ մենք սպասում էինք, որ մեր գեներալներն ու մեր հերոսները պետք է մեզ ինչ-որ գաղափարի շուրջ համախմբեին այսքան ժամանակ, որ մեր ժողովուրդը իրեն մենակ չզգա այս նեղության պահին»:
Մայլիլյանը իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք գումարներ են հատկացրել՝ օգնության նպատակով:
«Իրենց նվիրատվությունների շնորհիվ էլ մեր հասարակական կազմակերպությունը կարողացավ օգնել 260 ընտանիքի»,- նշեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․