Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ հանցանքի վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Տիգրան Առաքելյանը նախօրեին
տեսանյութ էր տարածել, որտեղ պնդում էր, որ Քննչական կոմիտեի Երևանի վարչությունում իրեն խոշտանգել են, ու դրան մասնակցել են անձամբ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը։
Օրերս քրեական վարույթի շրջանակներում բերման ենթարկվելուց հետո, այժմ տնային կալանքում գտնվող Առաքելյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են վարչության պետի աշխատասենյակում Քյարամյանն ու Գևորգյանը իրեն սպառնացել վերացնել ընտանիքը։
Առաքելյանն ասում է, թե դատաբժշկի չի դիմել, բայց տեսանյութում ցույց է տալիս թևի կապտուկը։
Հրապարակած
վերջին տեսանյութում Առաքելյանը պատմել էր նաև իրեն խոշտանգելու պատճառները․ «Խոշտանգում էին և ինձ հարցնում էին՝ Աբազյան Արմենին ճանաչո՞ւմ ես։ Ասում եմ՝ այո։ Աբազյան Արմենին երբ ես վերջին անգամ տեսել, ասում եմ՝ չեմ կարող հիշել հեռուստացույցով, անձամբ չեմ ճանաչում։ Արա, քեզ էշի տեղ ես դրել, քեզ անձամբ էր տալիս ինֆորմացիա, թե Անդոյի միջոցով։ Անդո, վստահաբար նկատի ունի Անդրանիկ Սիմոնյանին»։
Նա նշել է, որ նույնաբովանդակ ցուցմունք էին պահանջում իրենից Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազի ամուսինը 2007-08 թթ-ից իր ամենամոտ ընկերներից մեկն է։
Այս առնչությամբ մենք նույնպես մեկնաբանություն խնդրեցինք Վարդապետյանի խորհրդականից, սակայն Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս հարցով մեկնաբանոթյուն չունեն։
Տիգրան Առաքլյանը տարիներ առաջ ակտիվ մասնակցել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրեթե բոլոր ակցիաներին։ ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, դեպքից առհասարակ տեղեկացված չէ։ «Ընկերներից մեկն ասաց, որ Տիգրան Առաքելյանի հետ կապված ինչ-որ իրադարձություն է եղել, բայց շատ զբաղված եմ ու չեմ հասցրել ծանոթանալ։ Ես, իհարկե, հիշում եմ նրան մեր պայքարի տարիներից, բայց, գիտեք, ասածը մի բան է, այդ ասածը հիմնավորելն ու ապացուցելը մել այլ բան։ Պետք է ապացուցել։
Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է ինչ-որ մեկին վարկաբեկելու համար իր շորերը պատռել, դեն նետել ու բղավել, թե էս ինչը եկավ ու ինձ ծեծեց։ Հիմա չգիտեմ, եթե ունի ապացույցներ, պետք է ներկայացնի»։
Դիտարկմանը, թե թևի կապտուկներն էր ցույց տվել՝ Թադևոսյանը պատասխանեց․ «Դե, գուցե ճիշտ է ասում, չգիտեմ։
Ամեն դեպքում մենք իր հետ վաղուց չենք շփվում։ Դատվելուց ու դուրս գալուց հետո ՀԱԿ-ից դուրս եկավ։ ՀԱԿ-ի հետ այդպես չի շփվել։ Ինչ վերաբերում է բռնությանը, ես ընդհանրապես դեմ եմ դրան, եթե բռնություն եղել է, ապա դա թույլ մարդու արարք է։ Հատկապես պաշտոնյայի դեպքում, քանի որ նա օրինական լծակներ ունի ներազդելու։ Կրկնում եմ, եթե դա իրականում այդպես է»։
Նշենք, որ նախկինում Առաքելյանը մեկ անգամ չէ, որ եղել է անազատության մեջ։ Իսկ ահա 2013-ին նա մեղադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար։ Շորթման հոդվածով շուրջ 10 ամիս կալանավայրում մնալուց հետո համաներմամբ ազատ արձակված ակտիվիստն այդպես էլ չէր ընդունել մեղադրանքը։
Այս անգամ ևս Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Թե ովքեր են այդ պաշտոնատար անձինք և ումից է փորձել շորթում կատարել Առաքելյանը, Քննչական կոմիտեն չի մանրամասնում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից պարզաբանել էին, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հունիսի 17 -ին՝ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Քննչական կոմիտեից հաստատել են նաև Առաքելյանին մեղսագրվող հանցավոր արարքի հիման վրա հունիսի 20-ին նոր քրեական վարույթ է հարուցվել։ Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։
Նշենք նաև, որ սոցցանցերում տեղեկություն է շրջանառվում, որ Առաքելյանը կապ ունի «Դոգ» մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի հետ։ Ղուկասյանը հետախուզման մեջ է, նրա մտերիմ շրջապատից արդեն մի քանի հոգի կալանավորվել է։