ԱՄՆ-ում Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնում առաջին անգամ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը մարդուն փոխպատվաստելու հաջող վիրահատություն է իրականացվել։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է Associated Press-ը։
Նշվում է, որ փրկված հիվանդը Դեյվիդ Բենեթն է, ում մոտ ախտորոշվել էր սրտի անբուժելի հիվանդություն։ Մինչ այդ տղամարդուն մի քանի բժշկական կենտրոններում մերժել էին փոխպատվաստման վիրահատություն կատարել, և այս գիտափորձը նրա վերջին հնարավորությունն էր։ Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունից երեք օր անց տղամարդն իրեն լավ է զգում։
Ինչպես նշվում է, Բենեթը մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում կլինի բժիշկների խիստ հսկողության ներքո: Վերջիններս լավատես են և հայտարարում են, որ ապագայում նման վիրահատությունները՝ քսենոտրանսպլանտացիան, կլուծեն դոնորական օրգանների պակասի խնդիրը։