Հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել 2024 թ. նախագահական ընտրարշավին: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին և Հանրապետական կուսակցության անդամներին:
Հոդվածում նշվում է, որ վերջերս Թրամփն ավելի հաճախ է հայտնվում լրատվական օրակարգում: Բացի դրանից՝ նրա շտաբը լրատվամիջոցներում ավելի ու ավելի շատ քննադատական հրապարակումներ է տեղադրում Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենի վերաբերյալ:
Թերթի աղբյուրների համաձայն՝ Թրամփը կրկին քաղաքական հավակնություններ ունի այն բանից հետո, երբ Բայդենի վարկանիշն իջել է կորոնավիրուսի վիճակագրության վատթարացման պատճառով:
«Նա իրականում չի որոշել, բայց մենք բոլորս կարծում ենք, որ նա մասնակցելու է»,- ասել է աղբյուրներից մեկը:
Օհայոյի հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը նույն կարծիքին է:
«Ես գիտեմ այս մասին: Ես երեկ խոսել եմ նրա հետ: Նա գրեթե պատրաստ է հայտարարել այս մասին Աֆղանստանում այս ամբողջ խելագարությունից հետո»,- մեջբերում է Politico-ն:
Թրամփի նախկին մամուլի քարտուղար Ջեյսոն Միլերը նույնպես վստահ է, որ նա առաջադրվելու է առաջիկա նախագահական ընտրություններին: