Ուղիղ եթեր
Հայրենազրկումից և մշակութային ջարդից մինչև սահմանազատված Հայաստան․ Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան
copy image url

Հայրենազրկումից և մշակութային ջարդից մինչև սահմանազատված Հայաստան․ Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան

Ներքին 3 ժամ առաջ - 18:00 24-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 110 տարի առաջ՝ 1915 թվականի հենց այս օրը Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, մեկնարկեցին հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները՝ հայ ազգի սերուցքի ոչնչացումը։

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում, որում ոչ մի անգամ չի հիշատակել ցեղասպանությունը կազմակերպած պետությանը՝ Օսմանյան կայսրությանը և նրա իրավահաջորդին՝ Թուրքիայի Հանրապետությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ ըստ իրեն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան։

«Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»,- նշել է կառավարության ղեկավարը, ապա նկատել՝ այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի, հայրենիք-պետության հարատևությունը:

Oragir.News-ն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձները՝ հասկանալու համար, թե այս տարիներին Հայոց ցեղասպանության հարցում ինչպես են փոխվել կառավարության ղեկավարի պատկերացումներն ու շեշտադրումները․

Պաշտոնավարման առաջին տարում՝ 2019-ի ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանն իրավմամբ նշել էր՝ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաեւ զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: 2019-ին նա շեշտում էր, որ հայ ժողովրդին զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Բացի այդ, նա ընդունում էր, որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը, ինչը հանցագործություն էր ողջ մարդկության դեմ։

Անդրադառնալով մտավորականության կոտորածին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, որ նրանք հայ ժողովրդի խիղճն էին ու ինքնության առանցքը․ «Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:

2020-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձը հղեց Ծիծեռնակաբերդից՝ իր պաշտոնավարման ընթացքում առաջին ու դեռևս վերջին անգամ դիմելով ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ու Սփյուռքի հայությանը։ Նա արձանագրում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է ոչ միայն հայ ժողովրդի ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, քանի որ ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր։

Փաշինյանն այս օրն անդրադարձավ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և դատապարտեց այն, նշեց՝ հիշում և պահանջում է․ «Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում»։

Ուղերձի վերջում Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, իսկ վերջում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, ինչպես նաև Սփյուռքին։

Հետպատերազմյան առաջին տարում՝ 2021 թվականի ապրիլի 24-ին, որը համընկում էր նաև նույն տարվա ամռանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանի հետ, Փաշինյանը պնդել էր, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության որդեգրած թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության հետևանքով, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։ Նա նկատում էր՝ Արցախյան 44-օրյա պատերազմը փաստեց, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն՝ ընդգծելով՝ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ Թուրքիայի ցեղասպան գաղափարախոսությունը վերածնվում է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ նեոպանթյուրքիստական սպառնալիքի պատասխանը պետք է լինի ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Նա հավելում էր՝ հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները և ընդգծում՝ ասվածը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում, Հայաստանը պատրաստ է դրան։

Վերընտրվելուց հետո իր առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում՝ 2022-ի ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներն անհամեմատ ավելի մեղմ էին։ Նա թեև նշում էր, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի նախնիներին բնաջնջելն էր, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այլևս չէր շեշտում ժամանակակից Թուրքիան այդ քաղաքականության շարունակողն է։ Նա ընդգծում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, ապա շարունակում՝ այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

2022-ի հենց այս օրը Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի մասին։ «Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»,- նշում էր նա:

Արդեն հաջորդ տարի՝ 2023-ի ապրիլի 24-ին՝ Արցախի ցեղասպանության օրերին, Նիկոլ Փաշինյանն այլևս չխոսեց Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պանթուրքիստական գաղափախոսության ու դրա վերածննդի և ամենակարևորը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին։

Եթե 2020-ին Փաշինյանը Հայոց ցեղասպանության պատճառ էր համարում պանթուրքիստական գաղափարախոսությունն ու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները, ապա 2024-ի ապրիլի 24-ին խոսում էր արդեն աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։ «Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով»:

2024-ին Նիկոլ Փաշինյանն ընդգծում էր, որ հայրենազրկումը հայ ժողովրդի համար դատավճիռ չէ և կոչ անում դադարեցնել կորուսյալ հայրենիքի փնտրտուքը։ «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն»,- նշում էր նա։

Այս ուղերձում Նիկոլ Փաշինյանն առավել շատ կիրառում էր Մեծ եղեռն ձևակերպումը, ինչը չափազանց մտահոգիչ էր և դատապարտելի ․․․


Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
23:03 Նախկին հունաբնակ Յաղդանը գոյատևում է բացառապես կոլեկտիվի շնորհիվ
23:15 Ադրբեջանից հայտարարել են՝ «այս դժվար պահին եղբայրական Թուրքիայի կողքին են»
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ