Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձը։ Ցավոք նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս օրը նշում ենք Արցախի Հանրապետության սահմաններից դուրս, քանի որ նախորդ տարի սեպտեմբերին հայկական երկրորդն հանրապետության տարածքն Ադրբեջանի կողմից ամբողջովին բռնազավթվեց, իսկ տեղի ավելի քան 120 հազար բնակչությունը էթնիկ զտումների ենթարկվեց։
Այս տարի Արցախի անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը դեռևս շնորհավորական ուղերձ չի հղել և ակնկալվում է, որ կառավարության ղեկավարը նման ուղերձով հանդես չի գա, քանի որ ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հետևաբար չի ընդունում հայկական երկրորդ պետության գոյության իրավունքը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը նախորդ տարիներին մշտապես շնորհավորում էր Արցախի Հանրապետության անկախության օրը։
Կառավարության ղեկավարի ուղերձների ուշագրավ շեշտադրումները ներկայացնում ենք ստորև․
2018-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանն իրավմամբ նկատել էր, որ Արցախի ժողովուրդը պատմական շատ բարդ իրավիճակում է իր ընտրությունը կատարել՝ հռչակելով անկախություն։ Նրա համոզմամբ՝ ԼՂ ժողովուրդը նախորդ 27 տարիներին անցավ պատերազմների, ավերների, մարդկային կորուստների և բազում այլ ծանր փորձությունների միջով, սակայն դրանցով հանդերձ Արցախի Հանրապետությունը կայացել էր։
Փաշինյանը նկատել էր, որ Արցախը 2018-ին շարունակում էր ապրել ու զարգանալ, իսկ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը այսօր ավելի ուժեղ են, որովհետև ավելի միասնական են և ավելի ազատ։
«
Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»,- իր ուղերձն այսպես էր եզրափակել Փաշինյանը՝ գլուխ խոնարհելով Արցախի ազատության համար զոհվածների հիշատակին, ինչպես նաև փառաբանելով Արցախի Հանրապետությունը։
2019-ի սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, որ Արցախի անկախության ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով, Արցախյան ազատամարտը համարում հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից մեկն ու մեր հավաքական հպարտության մարմնավորումը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով, որ ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:
«
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ»,- իր ուղերձն այսպես էր եզրափակում Փաշինյանը՝ փառաբանելով Արցախի հերոսական ժողովրդին և Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհած հերոսներին։
Կառավարության պաշտոնական կայքում
Oragir.News-ին չհաջողվեց գտնել Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը, սակայն, «
Արմենպրես»-ի պաշտոնական կայքում առկա էր այն, որը հղում էր կատարում կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան գրառմանը։
Փաշինյանը 2020-ին հիշեցնում էր, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի սահմաններում: Ըստ նրա՝ այդ ճանապարհով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ։
2020-ին Փաշինյանը բոլորովին այլ կարծիք ուներ նաև Արցախի անկախության հանրաքվեի վերբերյալ․ «
1991թ. դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99․89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը»:
Հատկանշական է, որ անգամ 2021 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 1 տարի անց, Արցախի անկախության գործընթացն իրականացվել էր ԽՍՀՄ օրենսդրության և սահմանադրական իրավունքի տառին և ոգուն համապատասխան և անթերի էր ինչպես իր ձևով, այնպես էլ բովանդակությամբ։ Նրա գնահատմամբ՝ Արցախի ժողովուրդն օգտվեց իր օրինական իրավունքից և դրա դեմ գործադրած ցանկացած բռնություն ուղղված է մարդկության, մարդկային քաղաքակրթության և մարդու բնական իրավունքի դեմ։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իրավմամբ ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի նպատակը հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելն էր, որը, չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին, չհասավ իր նպաակին։
«
Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։ Մենք հիշում ենք Արցախի ազատության համար մղված պայքարում ընկած մեր բոլոր նահատակներին և գլուխ ենք խոնարհում նրանց առջև»,- նկատել էր Փաշինյանը՝ պնդելով, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է, և այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։
Դեռ 2021-ին՝ իր իշխանությունը վերարտադրելուց 3 ամիս անց, Փաշինյանը փաստել էր, որ հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա․ «
Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մինսկի խմբի համանախագայության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար»։
3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը դեռևս հավատում էր, որ Արցախը կարող է դառնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության խորհրդանիշ։
2022-ի սեպտեմբերի 2-ին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց 1 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորական ուղերձ հղեց Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Փաշինյանը իրավմամբ նշել էր, որ անկախություն հռչակելու որոշումը մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, փաստում՝ այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության։
Փաշինյանը 2 տարի առաջ անտեղի էր համարում Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները՝ փաստացի հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նմանաբովանդակ բազմաթիվ հայտարարություններին։ Նա հիշեցնում էր նաև, որ հակամարտությունը լուծելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ՝ պնդելով՝ միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
Կառավարության ղեկավարը նշում էր, որ Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Արդեն նախորդ տարի՝ Արցախի շրջափակումից շուրջ 9 ամիս անց և ադրբեջանական վերջին ագրեսիայից 17 օր առաջ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորում էր ոչ թե Արցախի Հանրապետության անկախության հռչակման, այլ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ, քանի որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում և փաստացի փակել որևէ հայանպաստ հանգուցալուծման հասնելու անգամ տեսական հնարավորությունը։
Արցախի բռնազավթումից 17 օր առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունում էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով այսօր էլ իրենց հայրենի բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներն Ադրբեջանի քաղաքականության հետևանքով կանգնած են էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով, սակայն այդ վտանգները չեզոքացնելու նպատակով ոչ միայն ոչինչ չէր ձեռնարկում, այլև ամեն առիթով վերահաստատում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի առնում։
Հայաստանի վարչապետը նախորդ տարի հիշեցնում էր, որ Արդարադատության միջազգային դատարան նույն թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին Ադրբեջանին պարտավորեցրել էր Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովել, սակայն Բաքուն այդ որոշումները չէր կատարել։ Նա ակնկալում էր, որ միջազգային հանրությունը ջանքեր կգործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
Փաշինյանը կրկին շեշտում էր, որ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները հիմնազուրկ են, սակայն այս անգամ նա հակամարտության լուծումը տեսնում էր ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո, այլ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի միջոցով։
Այսպիսով՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի նախորդ 5 ուղերձները՝ պետք է փաստենք, որ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության գոյությունը համարում էր կայացած քաղաքական և պատմական իրողություն, իսկ պատերազմին հաջորդած 2 տարիներին արձանագրում, որ հակամարտությունը լուծված չէ՝ ի հեճուկս Բաքվից հնչող նմանաբովանդակ բոլոր պնդումներին։ Արդեն նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը թեև գիտակցում էր, որ Արցախի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների իրական վտանգի առաջ, սակայն այդ վտանգները չեզոքացնելու ուղղությամբ ոչինչ չէր ձեռնարկում, ավելին՝ Արցախի բնակչությանն առաջարկում էր երկխոսել Ադրբեջանի հետ՝ շատ լավ գիտակցելով, որ Բաքուն պատրաստ է երկխոսել բացառապես սեփական այսպես կոչված ինտեգրացիայի օրակարգի շուրջ։
Դավիթ Գույումջյան