Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 17-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։ Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի եզրափակիչ ելույթում Փաշինյանը նշեց, թե իբր շուրջ 30 տարի կառուցել ենք մի պետություն, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մեծամասնությունը հաշտ է եղել այդ մոդելի և այդ նպատակադրման հետ, ապա հավելեց՝ ինքը նույնպես լիարժեքորեն հաշտ էր դրա հետ մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց քայլ առ քայլ հասկացել է, որ եթե Հայաստանի համար անկախությունը և պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի իրենց պատկերացրած լուծման համար, ապա մի շարք արտաքին դերակատարների համար «Ղարաբաղի հարցը միջոց է մեր պետականությանը վերջ դնելու համար»:
Փաշինյանի հայարարությանն արձագանքել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը հենց Փաշինյանն է։ «Իսկ Արցախյան շարժումը հայ ժողովրդի սրբազան պայքարն է ընդդեմ ադրբեջանական նեոֆաշիզմի ու հանուն արցախահայության արժանապատիվ ապրելու իրավունքի։ Ազատ Արցախը՝ Հայաստանի ու Հայկական աշխարհի տարածաշրջանային գործոն դառնալու հիմնական երաշխիքներից մեկն է։ Իսկ դու ոչ միայն վերացրեցիր այդ գործոնը,այլ նաեւ Հայաստանը դարձրեցիր գործիք թուրք-ադրբեջանական շեֆերիդ ձեռքում։ Դու՝ Նիկոլ,մերժելով Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալները հանդիսանում ես Հայոց Երրորդ Հանրապետության գերեզմանափորը»,-գրել է նա:
Կառավարության ղեկավարը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ «Ինչո՞ւ և ինչպես։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն Ալմա Աթայի հռչակագիրը, ըստ էության, դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ»,- իր եզրափակիչ ելույթում նշել է նա՝ Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կոչ անելով լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը:
Բաքվի զինվորական դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ կրկին առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների։ Ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալության հաղորդմամբ, «դատախազների հարցերին ի պատասխան Ղուկասյանը խոստովանել է, որ ինքը ժամանակին ադրբեջանցիներին ստիպել է հեռանալ» Ստեփանակերտից։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի, Ղուկասյանը նաև հաստատել է, որ 1990-ականների իրադարձությունների ժամանակ «Հայաստանից են մարդկանց տեղափոխել ադրբեջանական տարածք»։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում: