Թուրքիայի հրդեհից ցնցված Փաշինյանը, Սիրունյանի նահանջը, Արայիկ Հարությունյանի պաշտոնը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 22-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 22-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: «Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով: Բացի դա, անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ: Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է և 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»,- գրել է կառավարության ղեկավարը։

Սոցցանցերում հայհոյախառն գրառումներով աչքի ընկնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածությունից։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ Կոնջորյանի՝ Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքը։ «Ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, և պարզաբանվելուց հետո հետագայում եթե առիթ լինի, կխոսենք»,- նշել է իշխանական խմբակցության ղեկավարը։

Բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ու նոր վճարային համակարգին։ Այս մասին են վկայում Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հարցման արդյունքները։ «Ինչպե՞ս եք վերաբերվում տրանսպորտի գնի փոփոխությանը. 2 տոկոսը նշել է լիովին դրական, 11.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական նշել է 15.2 տոկոսը և 68.7 տոկոսը նշել է ընդհանրապես բացասական: Այսինքն, գրեթե 90 տոկոսը բացասական է գնահատել: Ինչպե՞ս եք գնահատում տրանսպորտի վճարման նոր համակարգը. 7.8 տոկոսը նշել է լիովին դրական, 26.1 տոկոսը նշել է ավելի շուտ դրական, 13.5 տոկոսը նշել է ավելի շուտ բացասական և 45.9 տոկոսը նշել է ընդհանրապես բացասական: Այսինքն, մոտ 64 տոկոսը նշել է բացասական»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։