1. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը, մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը, երեկ վերջապես վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ:
Դատախազությունը երբ հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված, էլ չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:
ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, եւ այդ պահից սկսած՝ ձեռք
բերված գույքը կարող է ապօրինի համարվել»։
2. Հրապարակ օրաթերթը գրում է․
Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է Ռազմարդյունաբերության կոմիտեն, հարցրինք՝ ինչո՞ւ ազատվեց այդ պաշտոնից։ «Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն»: Ինչո՞ւ։ «Ուղղակի ուզեցի հեռանալ»: Ինչո՞ւ, որովհետեւ չգործող կառո՞ւյց էր, քանի որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ` Ալիեւը պահանջում է ՀՀ բանակն ապառազմականացնե՞լ։ «Ոչ, ոչ, այդ ժամանակ, ընդհակառակը` մենք ունեցել ենք շատ լավ արդյունք»: Իսկ հիմա՞։ «Հիմա էլ շարունակվում է, նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն, ինչ Դուք ասում եք, գոյություն չունի։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետ, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»: Զրո՞, համենայնդեպս, այնքան զենք ենք ունեցել, որ 44 օր կռվել ենք։ «Ես ռազմարդյունաբերության մասով եմ ասում, գուցե ներմուծված զենքով են կռվել»:
3. Հրապարակ օրաթերթը գրում է․
ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում․ հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետեւում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թ․ զեկույցի քննարկումը, զեկուցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ի դեպ, ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլեւս չի մասնակցելու ավագանու նիստերին, տապալելու են քվեարկությունները, եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր՝ արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ՔՊ-ն բոյկոտեց, բայց, մեր տեղեկություններով, հաջորդիվ մասնակցելու են` փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել։
4. Հրապարակ օրաթերթը գրում է․
Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն՝ բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են։ Այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։ Ասում են՝ Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահի լիազորությունները լրանալուց՝ մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով:
5. «Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 24-ի նախօրեին՝ խորհրդանշական 19:15-ին ավանդաբար մեկնարկող «Ջահերով երթը» միշտ է առանձնահատուկ խորհրդանշական բովանդակություն ունեցել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով այդ՝ արդեն ավանդական երթի խորհուրդը. ոգեկոչել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, վառ պահել պայքարի ոգին:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ, բնականաբար, «Ջահերով երթի» նախաձեռնողը ՀՅԴ-ն է՝ ի դեմս իր երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների: Սակայն, կարծում ենք, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ չեն առարկի, որ վերջին տարիներին սա զուտ առանձին վերցրած մեկ կուսակցության միջոցառում չէ: Այն արդեն վերածվել է վերկուսակցական երևույթի, ու դա էլ է օրինաչափ, քանզի համազգային ողբերգության հիշատակն ու հատուցման հասնելը համազգային մղում է և խնդիր: