Ապրիլի 11-13-ը կայացավ Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին հերթական անգամ մասնակցում էր Հայաստանը՝ արտգործնախարարի և ԱԺ փոխնախագահի մակարդակով։ Հայ պաշտոնյաներն Անթալիայում պանելային քննարկումների մասնակցեցին, հանդիպումներ ունեցան տարբեր պաշտոնայների հետ, իսկ բանակցությունների արդյունքները ցույց կտան ժամանակը։
Չնայած իշխանականները լավատես են և պնդում են, որ նման միջոցառումները նպաստում են Թուրքիայի և Ադրբջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, փորձագիտական շրջանակները, մասնավորապես թուրքագետներն ու Ադրբեջանի հարցերով փորձագետներն առաձնապես չեն կիսում այս լավատեսությունը։ Վերջիններս նկատում են՝ Հայաստանը 2022 թվականից սկսած մասնակցում է Անթալիայի ֆորումին, սակայն կարգավորման գործընթացքում առաջընթաց չկա, ինչպես նաև հիշեցնում՝ թուրքական կողմն առ այսօր չի շտապում կատարել հայ-թուրթական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2022-ի հուլիսի 1-ին։ Ուշագրավ է, որ իշխանամետ հայացքներով աչքի ընկնող փորձագետները ևս առանձնապես ակնկալիքներ չունեն Անթալիայի ֆորումին Հայաստանի մասնակցությունից։
Անթալիայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ ունեցավ իր թուրք և ադրբեջանցի գործընկերների՝ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորագրություններն արարողակարգային էին․ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը, ինչպես նաև առկա երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Առավել ուշագրավ էր Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված պանելային քննարկումը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին, ավելի ճիշտ՝ Հայաստանի արտգործնախարարը միայն հասցրեց հակադարձել ադրբեջանցի գործընկերոջը, իսկ բուն կարգավորման գործընթացին հանդիպումը մեծ հաշվով ոչինչ չտվեց։ Հանդիպմանը, որը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո առաջինն էր, Բայրամովը վերահաստատեց իր երկրի պահանջները, որոնցում առանձնապես նորություն չկար․ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նաև լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արարատ Միրզոյանի հակադարձումներում ևս նոր բան չկար․ Հայաստանի արտգործնախարարը վերահաստատում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամությունը, ինչպես նաև շեշտում՝ ՀՀ-ի մայր օրենքը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չի պարունակում։ Միրզոյանի հավաստիացումները Բայրամովին չբավարարեցին։
Պանելային քննարկումը չշրջանցեց նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեման, որի շրջանակներում Արարատ Միրոզյանը հիշեցրեց, որ Բաքուն առ այսօր մերժել է հայկական կողմի ներկայացրած բոլոր առաջարկները։ Բայրամովն էլ հերթական անգամ շեշտեց, որ Ադրբեջանը երաշխավորված անխոչընդոտ անցում է պահանջում, որպեսզի Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից հետո էլ նոր իշխանությունները այլևս առկա իրողությունները փոփոխելու հնարավորություն չունենան։ «Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության և կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից»,- նկատել էր հարևան երկրի գլխավոր դիվանագետը։
Կարճ ասած՝ Հայաստանն Անթալիայից կրկին ձեռնունայն վերադարձավ։ Այս ֆորումը չնպաստեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն այժմ փաստացի տեղապտույտի մեջ է։ Ֆորումի շրջանակներում Հայաստանի պաշտոնյաները հերթական անգամ ստիպված եղան մեղադրանքներ ու նախապայմաններ լսել, ու հակադարձել դրանց, իսկ հայ հարկատուներն էլ իրենց հարկերով վճարել այդ ամենի համար։
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մտավախություններ ունի, որ 2026 թվականին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեր երկրում իշխանությունը փոխվելու է, ուստի մեծ հավանականությամբ մտադիր չէ հեռացող իշխանության հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել, որը կարող է խոցելի լինել։ Այս իրողության դրսևորումը Բայրամովի հայտարարությունն էր, ինչից եզրակացնում ենք, որ մինչև 2026 թվականի համապետական ընտրությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չի լինի, որքան էլ ՀՀ գործող իշխանությունը բավարարի վերջիններիս նախապայմանները։ Այլ հարց է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն առևտուրը և կփորձեն առավելագույնը կորզել, սակայն փաստաթուղթ ստորագրելուց ամեն կերպ կխուսափեն։
Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Խնածախի գնդակոծված մշակույթի տունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության «լավագույն արդյունքն» է, ինչպես նաև վկայությունն այն բանի, որ Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լուրջ չեն վերաբերվում և մտադիր չեն վերջինիս հետ առանցքային փաստաթուղթ ստորագրել։
Դավիթ Գույումջյան