ՀՀ–ում պարտադիր զինծառայության զորակոչված անձը оրենքով սահմանված հիվանդությունների հայտնաբերման դեպքում 1 տարվա տարկետման իրավունք կունենա` առանց երկարաձգման հնարավորության, ծանր հիվանդությունների դեպքում` մինչև 3 տարվա, կառավարության նիստին ասաց Սուրեն Պապիկյանը։
«Ցավոք, հանրության մեջ չկա այդ շահագրգռվածությունը` բժշկական միջամտություն անելով առողջությունը վերականգնել։ Արդյունքում, մինչ օրս նման անձինք կարողացել են մեկ տարվա տարկետումը էլի ու էլի երկարաձգել։ Այս կարգը դարձել էր պարտադիր զինծառայությունից խուսափելու մի սողանցք»,– հայտարարեց նախարարը։
1 տարվա ընթացքում անձը կառավարության հաշվին կբուժվի և, առողջության վատթարացում չարձանագրելուց դեպքում, նա սահմանափակումով կզորակոչվի, կճանաչվի պիտանի ու կանցնի լիարժեք ծառայության։
Իսկ լեղապարկի վիրահատություն անցած սպաները սահմանափակումով կծառայեն։
Պապիկյանը նաև շեշտեց, որ այս փոփոխությունով վերականգնում են նաև արդարությունը և հնարավորություն չեն ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը խրախուսելը․ «Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում առաջին անգամ փորձաքննության ժամանակ բուժման նպատակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվել ոչ պիտանիության կամ ժամանակավորապես ոչ պիտանիության համար սահմանված վիճակները, ինչպես նաև որոշակի հիվանդությամբ հակացուցումները կորոշվեն զորամասի բժշկի կողմից՝ կապված հիվանդության աստիճանից»,- ասաց Պապիկյանը՝ մանրամասնելով՝ եթե մեկ տարով տարկետում ստացանալուց հետո պարզվի, որ վիրահատությամբ հիվանդությունը չեզոքացնելու հնարավորություն է եղել, որը չի արվել, ՊՆ-ն իր միջոցներով կկազմակերի միջամտությունը և սահմանափակումներով ծառայության կզորակոչի այդպիսի անձանց։