Քայլ արեք, մերժեք «ՆՓ»-ին, նա վաղ թե ուշ փախչելու է երկրից, իսկ դուք շարունակելու եք ապրել
ԱԺ-ում շարունակվում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ միջնորդագրում ներկայացված են քրեական վարույթով պարզված ենթադրյալ հանցանքի դեպքերը, ինչպես նաև այդ հանցանքի կատարումը վկայող փաստեր։ Նա դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ նշեց, որ եթե ցանկանան, բոլորին էլ կկարողանան հավաքել նույն ալեհավաքի տակ։
Պատգամավորի համար տարօրինակ էր, որ իրավապահները որպես հիմք ընդունել են մի մարդու ցուցմունք, ով 5 անգամ կալանավորվել է խարդախության համար.
«Չգիտես՝ ինչու, այդ մարդը կարողացել է լքել երկիրը և վկայություն է տվել տեսաձայնագրության միջոցով։ Այս ամենը ձեզ մոտ ողջամիտ կասկած չի առաջացնո՞ւմ, որ լավ կարված գործ է։ Այսօր մեզ է ներկայացվում դասական մի օրինակ, թե ինչպես են կարվում գործերը, եթե մեկն արդեն թիրախում է՝ իր հայացքների, կոնկրետ մարդկանց հրահանգները չկատարելու համար։ ՔՊ պատգամավորնե՛ր, ընդդմիադիրներն ամեն օր անցնում են նման գործերով և երբ մենք ասում ենք, որ կարված գործերը հերթով փլուզվում են, հենց դա նկատի ունենք»։
Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց քայլ անել և մերժել «ՆՓ»-ին, նա վաղ թե ուշ փախչելու է երկրից։