Մաքուր կտավից քաղաք-պարտեզ արարած հանճարը. այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
copy image url

Մաքուր կտավից քաղաք-պարտեզ արարած հանճարը. այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 ամիս առաջ - 23:00 04-03-2025
Եթե նա ճարտարապետ չդառնար, ինչպես ինքն էր ասել մի առիթով, կդառնար նվագախմբի դիրիժոր: Սակայն նրա համար ի վերուստ սահմանված էր այլ առաքելություն. նա պետք է նոր շունչ տար համայն հայության մայրաքաղաք Երևանին: Ու թեպետ նա կենդանության օրոք չհասցրեց տեսնել իր կյանքի գլուխգործոցը, նրա շնչով պարուրված մայրաքաղաքն իր սրտում տեղ գտավ մեծն վարպետի համար. ու հավերժ կանգնած է նա՝ առջևում փռված սեփական արարը: Այսօր լրանում է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 147-ամյակը։

Թամանյանը (04.03.1878-20.02.1936) 20-րդ դարի մեծագույն ճարտարապետներից մեկն է, որն իր ուրույն ձեռագիրն է թողել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում. նրա ժառանգությունն այսօր էլ շարունակում է ոգեշնչել ու հիացնել ճարտարապետների նոր սերունդներին և ճարտարապետության բոլոր սիրահարներին:
Ծնվելով, կրթություն ստանալով և ապրելով Հայաստանից հեռու՝ նա հոգու ամեն մի թելով կապված էր հայրենիքի հետ:

«Իր տանը մի երեկո, թերթելով իր հայկական պատմական ճարտարապետության մասին գիրքը, Սաշան ասաց իր ընկեր Եվգենի Շրեթերին՝ «Կտեսնեք՝ ապրելու ու կառուցելու եմ Հայաստանում»»,- իր հուշերից մեկում պատմում է Թամանյանի կրտսեր քույրը՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենը:

Այդ խոսքերը ավելի ուշ իրականություն դարձան: Թամանյանների ընտանիքը Հայաստան վերադարձավ 1923-ի մարտին: Կարելի է ասել, որ Երևանը «մաքուր կտավ էր», որտեղ նա ուզում էր ստեղծել իր երազած քաղաք-այգին ապագա սերունդների համար:

Նա հիմնադրեց հայ նոր ճարտարապետությունը, որը հայտնի է որպես «Թամանյանական դպրոց»՝ իր նախագծերի հիմքում մշտապես ունենալով հայկական միջնադարյան ճարտարապետությունը, թեպետ շատերն ասում էին, որ ավելի հեշտ է օգտագործել եվրոպական ոճեր։ Այդպես ծնվեցին վարդագույն տուֆից շինությունները, կամարները, զարդաքանդակները, որոնք դարձել են Երևանի խորհրդանիշը։

1914-ի հոկտեմբերի 27-ին Թամանյանին շնորհվեց ճարտարապետության ակադեմիկոսի կոչում: Նա ընդամենը 36 տարեկան էր:

Սեփական տաղանդով և քրտնաջան աշխատանքով հասնելով հսկայական հաջողության՝ Թամանյանը իր կյանքի ընթացքում մնաց շատ համեստ և ազնիվ մարդ:

Ինչպես քույրն է նրան նկարագրում իր հուշերում, «Ալեքսանդրը որպես անձնավորություն շատ կենսուրախ էր, սրամիտ, շփվող, հիանալի հումորի զգացումով: Նա շատ բարի էր բոլորի նկատմամբ և միշտ օգնում էր բոլորին: Սիրելով իր արվեստը, եղբայրս այն նույնացնում էր երաժշտության հետ, ասելով՝ «Ճարտարապետությունը քարե երաժշտություն է»: Իսկ նա սիրում էր երաժշտությունը իր ողջ էությամբ և միշտ ժամանակ էր գտնում համերգներ այցելելու համար: Իսկ որքան էլեգանթ և գեղեցիկ էր նա պարում պոլկա: Նրա հետ պարելը շատ հաճելի էր»:

Ապագա ճարտարապետը դեռ մանկուց հրաշալի նկարում էր, սիրում էր գրականություն, ինչպես նաև ինքնաեռից շատ քաղցր թեյ խմել:

«Ալեքսանդրը, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, շատ էր սիրում երաժշտությունը և շատ լավ երաժշտական ունակություններ ուներ: Արդեն տարրական դասարաններից սկսած նա դպրոցի փողային նվագախմբում կորնետ էր նվագում: Հասուն տարիքում նա ուներ թավ բարիտոն և հաճախ իր աշխատանքի ընթացքում սիրում էր հանրահայտ օպերաներից արիաներ երգել: Կոմպոզիտորներից նա շատ էր սիրում Գլինկային, Ռիմսկի-Կորսակովին, Բորոդինին, Բեթհովենին, Վագներին, Շոպենին, Գրիգին և շատ ուրիշներին»,- հիշում է Մագդալինա Թամանյան-Շաուսենը:

Սակայն նույնիսկ փառքը նրան չփոխեց. Հայաստանում ճանաչված լինելով՝ նա ապրում էր ծայրաստիճան համեստ՝ փոքր ու ոչ հարմարավետ տանը. նա երբեք արձակուրդ չէր վերցնում, միշտ զբաղված էր աշխատանքով և զօրուգիշեր կառուցելով երկրի համար՝ ժամանակ չուներ մտածելու սեփական բարօրության մասին:

Սակայն այդ փաստը ամենևին չէր խանգարում հյուրընկալ Թամանյաններին հյուրեր ընդունել. նրանց տանը միշտ հյուրընկալ մթնոլորտ էր, իսկ ամեն հինգշաբթի երեկոյան դռները բաց էին մտերիմ ընկերների համար՝ Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Մարիետա Շահինյան և նրա ամուսին՝ բանասեր, թարգմանիչ Յակով Խաչատրյանց:



Թամանյանն ունեցել է 4 երեխա՝ 2 աղջիկ և 2 տղա: Ցավոք, դուստրերը մահացել են, նախ ավագ դուստրը՝ Մարիան՝ 13 տարեկանում, ապա Վարվառան՝ 18 տարեկանում: Թամանյանը չկարողացավ վերականգնվել ճակատագրի այդ դաժան հարվածներից. նրա առողջությունը, հատկապես տեսողությունը, կտրուկ վատացավ: Անկախ եղանակից՝ նա ամեն օր այցելում էր դուստրերի գերեզմանին, ձմռան մի ցուրտ օր էլ հիվանդացավ ու չհաղթահարեց թոքաբորբը:



Երբ Թամանյանը Օպերայի և բալետի թատրոնն էր նախագծում, ասաց՝ «Միգուցե ես երբեք չեմ անցնելու թատրոնի կողքով»: Եվ այդպես էլ եղավ:

«Եղբայրս կյանքից հեռացավ իր 58-ամյակից քիչ առաջ և նա չտեսավ իր գլուխգործոց Օպերային թատրոնը: Նրա դագաղը բերեցին և դրեցին թատրոնի 1 մետր բարձր պատի մոտ»,- հիշում է քույրը:

Բարեբախտաբար, նրա գլուխգործոցը կիսատ չմնաց. որդիները՝ Գևորգ և Հուլիոս Թամանյանները, շարունակեցին հոր կիսատ մնացած երազանքը՝ ավարտին հասցնելով Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկը՝ Օպերայի և բալետի շենքը:

1937-ին Օպերային թատրոնի նախագիծը ներկայացվեց Փարիզի միջազգային ցուցահանդեսում և նվաճեց ոսկե մեդալ:

Ի դեպ, երիտասարդ ճարտարապետները հայտնի են նաև այլ գործերով. Գոշավանքը, Մշկավանքը,Աշտարակի 5-րդ դարի տաճարը և բազմաթիվ այլ շինություններ խնամքով վերականգնվել են Հուլիոս Թամանյանի մասնակցությամբ: Նա զբաղվել է նաև Երևանի տարածքում Շենգավիթ հնագիտական հուշարձանի վերականգնմամբ և բարեկարգմամբ:

Իսկ Ջերմուկ քաղաքի հանքային ջրերի հայտնի տաղավարի սյունազարդ շենքը ստեղծել է Թամանյանի մյուս որդին՝ Գևորգ Թամանյանը:

Թամանյանը՝ հայ մեծերի հուշերում

«Արծվի հայացք, բարձրահասակ և բարեկազմ, միշտ անհանգիստ, արագ, տաքարյուն և խանդավառ - այդպիսին էր Ալեքսանդր Թամանյանը, երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրան «Արվեստի աշխարհ» միության ցուցահանդեսում, որին երկուսս էլ մասնակցեցինք: Այս հանդիպումից սկսվեց իմ բարեկամությունը մեր ժամանակների այս հանճարի հետ, ով այնքան բախտ ունեցավ, որ նշանավորեց ճարտարապետության մի ամբողջ դարաշրջան:
Հայաստանում՝ իր վերածնված հայրենիքում, Թամանյանը գտավ այն հողը, որը սնուցում էր իր հանճարեղ ստեղծագործության արմատները և ուժ էր տալիս հաղթահարել մեծ դժվարություններ». Մարտիրոս Սարյան

«Երևանի անունը հավերժ կապված է Թամանյանի անվան հետ: Երևանը կրում է իր հանճարի կնիքը, նրա լայնաթև շնչառությունն ամենուր է: Նրա հանճարի շնորհիվ մեր մայրաքաղաքը բարձրացել է ... Եվ երախտապարտ Երևանը սերնդեսերունդ հարգանքով կխոնարհի գլուխը մեծ Վարպետի ու հայրենասերի հիշատակի առաջ». Ավետիք Իսահակյան

«Լինելով բնույթով անխոնջ հետազոտող, Թամանյանը չէր բավարարվում իր գիտելիքներով: Նա անընդհատ ժամանակ էր գտնում ծանոթանալու հին հայկական ճարտարապետության նոր հայտնաբերված նմուշներին: Մեր մյուս ականավոր ճարտարապետը, Թորոս Թորամանյանը - նրանք, եղբայրների պես, սիրում էին միմյանց - բացեց մեր ճարտարապետական արվեստը Թամանյանի առջև, դարձավ նրա կենդանի ուղեցույցը այս ոլորտում: Նրանք լրացնում էին միմյանց, սովորում էին միմյանցից: Որպես Հնությունների պահպանության կոմիտեի նախագահ, Թամանյանը հաճախ էր ճանապարհորդում ավերակները ստուգելու, սկսված վերականգնման աշխատանքները վերահսկելու համար: Մի անգամ ինձ բախտ վիճակվեց ուղեկցել մեր ճարտարապետության այս երկու տիտաններին՝ Թամանյանին և Թորամանյանին: Մենք գնացինք Արմավիր՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որն առաջացել է պատմության ամենավաղ ակունքներում: Այս խորհրդավոր քաղաքը ծածկված է լեգենդների մշուշով: Այստեղ, տեղում, պեղումների հարցը պետք է լուծվեր: Ճարտարապետները քննում էին, չափում էին, նկարում էին, խոսում էին և վիճում։ Լսվում էին խորհրդավոր խոսքեր. Խարրի, Խալդի, Ուրարտու, Արմեն ... Եվ թվում էր, թե ժամանակը նահանջում էր նրանց համար և նրանց աչքերի առաջ հայտնվում էին տաճարները, աշտարակները, ամրոցները: Երկու հոյակապ ճարտարապետներ- ինչ հիանալի պատկեր- կանգնած էին Արմավիրի հազարամյա, սեպագիր քարերի դիմաց». Ավետիք Իսահակյան

Հետաքրքիր փաստեր

- Առաջին անգամ Թամանյանին չհաջողվեց ընդունվել Գեղարվեստի ակադեմիա, քանի որ քննության ժամանակ, ընկերոջը օգնելով, նա չհասցրեց կատարել իր առաջադրանքը:

- Որպե դիպլոմային աշխատանք՝ նա նախագծել է համերգասրահ:

- 1904-1906 թթ. Թամանյանը վերականգնեց Սանկտ Պետերբուրգում գտնվող 18-րդ դարի Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու նախնական տեսքը, որտեղ էլ 1908 թ. 30-ամյա Ա. Թամանյանը ամուսնացավ 23-ամյա Կամիլլա Էդվարդսի հետ:



- 1908 թ. մեծ ակադեմիկոս, լեզվաբան ու հնագետ Նիկողայոս Մառի խնդրանքով Ալեքսանդր Թամանյանը ստեղծել է մի քանի տարբերակներ Անի քաղաքի թանգարանի համար: Ցավոք, այս նախագիծը չիրականացվեց, բայց կարևոր դեր խաղաց, քանի որ այն ստեղծելիս Թամանյանը առաջին անգամ շփվեց իր նախնիների դարավոր հայկական մշակույթի հետ:



- 1921 թ. ապրիլին, երբ Հայաստանում ստեղծված ռազմական վտանգավոր իրավիճակի պատճառով Թամանյանների ընտանիքը տեղափոխվում էր Իրան, ճանապարհին նրա հմտությունները ժամանակին օգտակար եղան. նրա շնորհիվ լաստանավ կառուցվեց՝ Արաքս գետի մի ափից մյուսը հայ զորքերը արագ փոխադրելու համար:

- Ի դեպ, դեռևս Ռուսաստանում ապրելու տարիներին հայրենասեր Թամանյանը հայոց լեզվի մասնավոր դաստիարակ էր վարձել որդուն՝ Գևորգին, հայերեն սովորեցնելու համար:

- 1913 թ. Ռոմանովների տոհմի գահակալության 300-ամյակի հոբելյանական տոնակատարության կապակցությամբ Ալեքսանդր Թամանյանը ռեկորդային 2.5 ամսում կառուցել է հեքիաթային փայտե գեղեցիկ տաղավարային համալիր Յարոսլավլ քաղաքում, որը ներկայացվել է Նիկոլայ II ցարին: Վերջինս հիացած է մնացել Թամանյանի աշխատանքով: