165 տարի առաջ հենց այս օրն է ծնվել նշանավոր գրող Ալեքսանդր Շիրվանզադեն, որն իր պատվավոր տեղն ու դերն է նվաճել հայ գրականության մեջ «Քաոս», «Պատվի համար», «Նամուս», «Մորգանի խնամին», «Արմենուհի», «Արսեն Դիմաքսյան» և այլ գործերով։
1910 թ․՝ Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյա հոբելյանի օրերին, Հովհաննես Թումանյանը Շիրվանզադեի արվեստի մասին գրել է․ «Կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի, կհամոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսինները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջ է»։
Ժամանակակիցները պատմում էին, որ Շիրվանզադեն գեղեցիկի արտակարգ նուրբ զգացողություն ուներ։ Նա կատարելապես տիրապետում էր համաշխարհային գեղագիտական մտքին, ուսումնասիրում էր ինչպես գեղագիտության տեսություն, այնպես էլ փիլիսոփայություն։

Այս առումով Շիրվանզադեի կյանքում մեծ նշանակություն ունեցավ նրա բնակությունը Փարիզում։ 1905-1910 թթ․, ապրելով Փարիզում, նա հաճախ էլ այցելում թանգարաններ, մասնակցում ամենատարբեր ցուցադրությունների՝ այդպիսով հասնելով գեղեցիկի բյուրեղացած ընկալման։
Նա անսահման քմահաճ էր ինչպես արվեստի մեջ, այնպես էլ կենցաղում։ Գարեգին Լևոնյանը, պատմելով Շիրվանզադեի հետ առաջին հանդիպման մասին, գրում է, որ Շիրվանզադեի խնամված և համակրելի դեմքը, հարուստ և գանգուր մազերը, գեղեցիկ, մաքուր ու կոկիկ զգեստը իրենց՝ գավառացիների վրա թողել էին արտակարգ տպավորություն։
Շիրվանզադեի բնավորության այս գծի մասին մի զվարճալի հուշ էլ Ստեփան Զորյանն է թողել։ Նա գրում է․ «Մի օր, երբ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով, մենք այցելել էինք հիվանդին, նա մեզ ընդունեց մի տեսակ քմծիծաղով:
-Գիտեք ի՞նչ,-ասաց հազիվ շնչելով,- երազիս Արաքսի ափին էի: Գետի այն կողմը կանգնած էին Աբովյանը, Պատկանյանը, Րաֆֆին, Թումանյանը, Աղայանը և կանչում էին ինձ: Ես նրանց ասի` «ածիլվեմ, հետո կգամ»: Հիմա խնդրում եմ, մի մարդ ուղարկեք` ածիլվեմ, գուցե գնալու կարիք լինի…»։
Շիրվանզադեն պարբերական մամուլի ամենատարբեր էջերում հաճախ էր բանավեճի բռնվում ժամանակակիցների հետ։ Ռեալիստ Շիրվանզադեն կարծում էր, որ վսեմն ու գեղեցիկը ինչ-որ հեռավոր ու անհասանելի բարձունքում չեն, այլ դրանք պետք է փնտրել հենց իրական կյանքում․ «Բարձրը բանաստեղծի հոգու խորության մեջ է: Բարձրը զգացումն է, այսինքն՝ ինքը՝ կյանքը... Կյանք, ահա բոլոր բանաստեղծության, բոլոր գեղեցկության, բարձրի, վսեմի և վսեմագույնի միակ և զուտ աղբյուրը»։
Շիրվանզադեն կարծում էր, որ գեղարվեստում ճշմարիտն ու գեղեցիկը ոչ թե պիտի հակասեն իրար, այլ փոխլրացնեն, հանդես գան միասնաբար։

Վարդգես Ահարոնյանը՝ Ավետիս Ահարոնյանի որդին, Շիրվանզադեի «անուղղելի» իրապաշտության մասին մի հուշ է թողել։
«Հովհաննես Թումանյանը այցելության էր եկել Շիրվանզադեին և մեզ։ Մեր և Շիրվանզադեի բնակարանները գրավում էին միևնույն շենքի երկու հարկերը։ Գարուն էր, բոլոր պատուհանները բաց էին, և պարտեզից ամեն մեկ ձայն լսելի էր ներսը։
-Շիրվանը տա՞նն է,- լսվեց վարից Թումանյանի ձայնը: Օրիորդ Շիրվանզադեն պատասխանեց, թե հայրը տանը չէ: Մինչ այդ, ես պատշգամբ դուրս եկա Թումանյանին մեր տուն հրավիրելու:
-Էդտե՞ղ ով կա, հերդ տա՞նն է,- հարցրեց Թումանյանը: Հայրս նույնպես բացակա էր: Թումանյանը չուզեց վեր բարձրանալ: Մի քանի բառ փոխանակեց մեզ հետ, մեկ-երկու վայրկյան կանգնած մնաց բակում և ապա, երբ պատրաստվում էր շարժվելու, մատը ուղղելով Շիրվանզադեի բնակարանի պատշգամբին` ասաց.
-Մի բան կա, որ էս տունը շատ ունի և էդտեղ` վերը, պակաս ա: Մի բան էլ կա, որ էդտեղ` վերը, շատ կա և էստեղ` ներքևը, պակաս ա:
Իր ակնարկը Շիրվանզադեի իրապաշտության և Ահարոնյանի ռոմանտիզմի մասին էր. մեկի` գրեթե անփութությունը դեպի ձևը, մյուսի` սերը դեպի խնամված արտաքին ձևը»:
Օվսաննա Իսրայելյան