Վրաստանի վարչապետի շնորհակալությունը, Արարատ Միրզոյանի վախը, Հայկ Մարությանի բոյկոտը. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:34 30-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 30-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Հայաստանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երևանում նա հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նշվում է, որ Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը: Վրաստանի վարչապետ ևս մեկ անգամ հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ամենաբարձր մակարդակներով Վրաստանի տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։

Եվրամիության խորհուրդը մինչև երկարաձգել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը` մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այս մասին գրառում է արվել Եվրամիության խորհրդի X-ի միկրոբլոգում։ Նշվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, գետնի վրա վստահություն ձևավորելու առանցքային գործիք է: Հիշեցնենք՝ նախօրեին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին։ Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին: Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրությա մեջ: «Անտեսելով շուրջ 80․000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»-ով։ Մերժելով իշխանության հետզհետե լկտիացող ոճը, քաղաքացիներից գումար կորզելու անհիմն որոշումները՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31֊ին հրավիրվող արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հայկ Մարությանի քաղաքական այս ուժը ավագանու ընդդիմադիր մյուս ուժերին ևս կոչ է արել չապահովել քվորում՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված