Խորոված կծու բիբարի և նագեթսի կտրոնով բոյկոտը, Ջալալ Հարությունյանի ազատազրկումը. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:45 07-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 7-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Մայրաքաղաքում վաղ առավոտվանից շարունակվել է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը։ Քաղաքացիների պահանջը մեկն է. վերադառնալ նախկին 100 դրամ ուղեվարձին, ինչը լիովին իրատեսական է։ Թեպետ իշխանական գործիչները վստահեցնում են, որ քաղաքացիները սիրահոժար կերպով վճարում են թանկացված ուղեվարձը, այնուհանդերձ հենց իրենք են հերքում իրենց հերքում։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ քաղաքացիները քաղաքացիները հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել։ «Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է նա: Քաղաքացիներից մեկն էլ, արձագանքելով գրառմանը, նկատել է. «Բոյկոտը պոզով-պոչո՞վ է լինում»։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատապարտվեց ազատազրկման՝ 5 ու կես տարի ժամկետով: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Պատերազմում ծանր վիրավորված Հարությունյանը մեղքը չի ընդունում, արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը: Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար: Իրավապահները պնդում են՝ հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, երբ փորձել են ճշտել, թե առջևից եկողները հայերն են, թե ադրբեջանցիները:

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Կառավարության ղեկավարի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Oragir.News-ի հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները տարբեր բարձրաստիճան ղեկավարների հետ, ցույց են տալիս, որ դրանք ընդամենը սիրողական մակարդակի հանդիպումներ էին և հավելել՝ նույնը վերաբերում է Փաշինյանի և Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպմանը, , որը Հայաստանում որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել որպես պաշտոնական։ Ըստ նրա՝ ոչ մի պաշտոնական հանդիպում չի եղել, պարզապես, ժողովրդական լեզվով ասած, դա ոտքի վրա հանդիպում էր, որը արարողակարգային ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում։

Պարեկները տուգանել են էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, ինչը գոհացրել է վերջինս։ Այս մասին Զաքարյանը նշել է լրագրողների հետ զրույցում։ «Գոհ էի, որ պարեկները ինձ էլ են տուգանել, ժամանակին չեն տուգանել պաշտոնատար անձանց, հիմա տուգանում են: Ինձ ճանաչելով՝ տուգանել են, որն ինձ համար կարևոր է, ես դրա համար պայքարել եմ, տուգանել են ու շատ լավ են արել: Ես էլ արձագանքել եմ, որ բոլորը իմանան, որ շատ ճիշտ է գնում ամեն ինչ»,- ասաց փոխնախարարը։ Հարցին՝ ինչ խախտման համար են տուգանել, փոխնախարարը հրաժարվեց պատասխանել՝ ասելով․ «Չմանրանանք»։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված