Euronews–ը գրում է . ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում հակառակ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի ձեռնարկել նոր մաքսատուրքեր և պատժամիջոցներ՝ Ռուսաստանի կողմից ԱՄՆ ու այլ երկրներ արտահանվող ապրանքների վրա։
CNN-ը հայտնում է, որ Ճապոնիայում տարեց կանայք միտումնավոր մանր հանցագործություններ են կատարում բանտում հայտնվելու նպատահով, որտեղ նրանք ստանում են սնունդ, բժշկական օգնություն, ապրելու հարմար պայմաններ: Ճապոնիայում կենսաթոշակը չի բավարարում տարրական կարիքները հոգալու համար, և երկրում 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր հինգերորդ մարդը ապրում է աղքատության շեմից ցածր կարգավիճակով։
The Guardian բրիտանական լրատվականը գրում է. Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երեխաների ամուսնությունը: Օրենսդիր մարմինը փոփոխություններ է կատարել անձնական կարգավիճակի մասին օրենքում, ըստ որի՝ թույլատրվում է 9 տարեկանից ցածր աղջիկներին ամուսնանալ։ Օրենքն ընդլայնում է շարիաթի դատարանների լիազորությունները ընտանեկան, ամուսնության, ամուսնալուծության և ժառանգությանը վերաբերող հարցերում:
Ըստ BBC–ի՝ Լոնդոնը հայտնել է, որ բրիտանական երկու նավեր Մեծ Բրիտանիայի ափից 72 կիլոմետր հեռավորության վրա նկատել են ռուսական «Յանտար» նավը, որը Մեծ Բրիտանիայի ստորջրյա ենթակառուցվածքի կարևոր օբյեկտներից հետախուզական տեղեկություններ է հավաքում։ «Մենք տեսնում ենք ձեզ, գիտենք, թե ինչ եք անում, և մենք չենք վարանի վճռական քայլեր ձեռնարկել մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին՝ դիմելով Վլադիմիր Պուտինին։
Balkan Insight իտալական լրատվականը գրում է. Հայաստանը հայտարարել է Եվրամիության անդամակցելու իր մտադրության մասին, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և էներգետիկ ոլորտներում, բարդացնում են եվրոպական ուղին ընտրելու հնարավորությունը: Հայաստանը կախված է Ռուսաստանից իր գազի և միջուկային վառելիքի հարցերում: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանը չունի բավարար երթուղիներ ԵՄ շուկայից օգտվելու համար՝ կախում ունենալով Վրաստանից և Իրանից: Ռուսական կողմն էլ հստակ հասկացրել է, որ ԵՄ անդամակցությունը կնշանակի ԵԱՏՄ կազմում Հայաստանի ներգրավվածության ավարտը։
Forbes ամերիկյան պարբերական տեղեկացնում է, որ որ հզոր անտառային հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի Լոս Անջելես գավառում, որը գտնվում է ԱՄՆ-ի արևմուտքում՝ ընդգրկելով ավելի քան 20 քառակուսի կիլոմետր տարածք երկու ժամից էլ քիչ ժամանակում։ Ուժեղ քամին օգնում է տարածել կրակը, հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Հրդեհը սպառնում է խիտ բնակեցված տարածքներին։
Daily Sabah թուրքական լրատվականը գրում է, որ Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել տարվա առաջին Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Նոր փաստաթղթում՝ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից ելնելով ներառվել են Թուրքիայի համար անհրաժեշտ քաղաքական ուղեգծերը։ Խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է 7 կետանոց հայտարարություն, որտեղ Հայաստանի մասին ոչինչ չկա։