Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ՝ կկրճատվեն Շիրակի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռի ծառայողական մեքենաների քանակը։ Թե երբ ու ինչ մեքենաներ կկրճատվեն, դեռ հստակ որոշում չկա, այսինքն՝ դեռ քննարկումների փուլում է։
Օրերս լրագրողների հետ զրույցում Դավիթ Առուշանյանն անդրադարձել էր ծառայողական մեքենաների կրճատմանը։
«Ծառայողական մեքենաներ կունենան համայնքի ղեկավարները, նրանցից բացի՝ համայնքում այլևս ոչ մի պաշտոնյա ծառայողական մեքենա չի ունենա։ Օրինակ` նախարարներն ունեն ծառայողական մեքենաներ, փոխնախարարները՝ ոչ։
Համայնքի ղեկավարների տեղակալները և ամբողջ աշխատակազմն ունենալու են հերթապահ մեքենաներ, որոնք իրենց չեն տանելու տուն, բերեն, դրանք աշխատանքի ժամանակահատվածում ի շահ համայնքի ծառայությունների համար են»,- հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում այս պահի դրությամբ առկա են 5 ծառայողական մեքենա՝ «Տոյոտա Լենդ Քրուիզեր», «Նիսսան Ալտիմա», «ՎԱԶ 2121», «ՎԱԶ 2107», «Տոյոտա քեմրի»։

Նշենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ծառայողական մեքենաների մեծ մասը՝ 70-90 տոկոսը կրճատվելու է։
Փաշինյանի համար կարծես, թե միշտ արդիական է ծառայողական մեքենաների կրճատման հարցը։ Այս հարցը 2015-ից էր բարձրացրել, երբ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր։ Իշխանության եկած ժամանակահատվածում էլ է անդրադարձել այս թեմային։ 2018-ին Հայաստանի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Կառավարական պադավատներ չեն լինի, պաշտոնյաները կերթևեկեն տաքսիներով»:
Շիրակի նորանշանակ մարզպետը՝ բացի վարչապետի ասածին ականջալուր լինելուց, նաև նշանակումներ է արել Շիրակի մարզպետի աշխատակազմում։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ 2 նշանակում է եղել։
Առուշանյանի որոշմամբ՝ Վանիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական, Գոռ Սարոյանը մարզպետի օգնական։

Նշենք, որ Վանիկ Մարտիրոսյանը 2021-2023թթ․ եղել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի օգնականը, 2023-2024թթ․՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի օգնականը։

Մարզպետի օգնական նշանակված Գոռ Սարոյանն էլ 2022-2023թթ զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։