Երբ ասածդ խոսքերին ինքդ հավատաս, ճշմարիտը դա է․ այսօր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրն է
copy image url

Երբ ասածդ խոսքերին ինքդ հավատաս, ճշմարիտը դա է․ այսօր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրն է

Մշակույթ 5 ամիս առաջ - 21:09 04-11-2024
«Երբ ասածդ խոսքերին ինքդ հավատաս, երբ այդ խոսքն արտասանելիս ձայնդ լսես, և նրա անկեղծությունը սրտիդ հասնի, ու զգացվես, ճշմարիտը այդ է»,- մի առիթով ասել է հայ մեծ դերասան Աբելյանը։

1865թ. այս օրը ծնվել է դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը:

Աբելյանը բեմարվեստի դասեր է առել Պետրոս Ադամյանից։ Իր մեծ ուսուցչի մահից հետո՝ տասնամյակներ շարունակ, Աբելյանը եղել է հայ թատրոնի դեմքը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Ավելի քան կես դար աշխարհի տարբեր հորիզոններում Աբելյանը խաղացել է տարբեր լեզուներով, ամենատարբեր ժանրերի ներկայացումներում՝ օպերետ թե մելոդրամա, ողբերգություն թե կատակերգություն, դրամա թե վոդևիլ՝ հայ թատրոնի պատմության մեջ թողնելով կերպարների առասպելական թիվ՝ 345 դեր:

Քանակը չէ գլխավորը, այլ նրա ստեղծած անձնավորումների գեղարվեստական նշանակությունը, ինչը հայ թատրոնի պատմության մեջ Հովհաննես Աբելյանին դարձնում է գրեթե բացառիկ անհատականություն:



Աբելյանն էր հանդիսանում է Ալեքսանդր Շիրվանզադեի կերպարների անգերազանցելի մարմնավորողը: Թեև ազգականներ էին, բայց հաճախ էին վիճում, Շիրվանզադեն պնդում էր, թե դերասանն իր կերպարների շնորհիվ է մեծ ճանաչում ստացել։

Դերասանուհի Հասմիկը մի հուշ է թողել այս հավերժական բարեկամության ու վեճի պատմությունից․ «Աբելյանը Շիրվանզադեի պես երեխայական բնավորություն ուներ և շուտ նեղանալու ու խռովելու սովորություն: Հաճախ խռովում էր Շիրվանզադեի հետ: Պատճառը մեծ մասամբ թեթև բաներ էին լինում:

Խռով եղած ժամանակ Աբելյանը Շիրվանզադեի մասին ո՛չ լսելու և ո՛չ էլ մանավանդ խոսելու սովորություն չուներ: Շիրվանզադեի ներկայությամբ իրեն պահում էր այնպես, ասես բոլորովին անծանոթ է նրան:

Այդպիսի մի օր, երբ մենք փորձում էինք «Պատվի համար»-ը, չեմ հիշում՝ ինչ կամեցանք պարզել և դիմեցինք Աբելյանին:

-Այ, կարծեմ, այն պարոնն է այս պիեսի հեղինակը, հարցրեք նրան,-ասաց նա՝ հայացքով Շիրվանզադեի կողմը ցույց տալով և հեռացավ մեզնից:

Դիմեցինք Շիրվանզադեին:

-Դուք, կարծեմ, Աբելյան անունով մի դերասան ունեք,-խոսեց նա,-դիմեցեք նրան, նա կարող է ինձնից ավելի լավ բացատրել:



Բայց երբ հաշտվում էին, այնքան էին մոտենում իրար, որ ոչ միայն մենք, այլև իրենք էլ էին մոռանում, որ դրանից մի քանի օր առաջ խռով են եղել իրար հետ, անծանոթ մարդկանց պես են պահել իրենց իրար ներկայությամբ:

Շիրվանզադեն ինչ-որ մի առիթով վերջին անգամ Կիսլովոդսկ մեկնելուց առաջ կռվել էր Աբելյանի հետ, և երկու բարեկամների ու հարազատների հարաբերությունները նորից էին խզվել: Վերջինս այդ տարի Բաքվի պետական հայկական դրամատիկական թատրոնի խմբի մեջ էր: Ինչպես հայտնի է, Շիրվանզադեն մահացավ հենց Կիսլովոդսկում:

Ես այն կարծիքին եմ, որ մեծ վիպասանի ու դրամատուրգի մահը ամենից ծանր տպավորություն գործել է Աբելյանի վրա:

Ինձ թվում է, որ կենդանի Աբելյանի կերպարը շատ է օգնել Շիրվանզադեին իր Բարխուդարը, մանավանդ Էլիզբարովը ստեղծագործելիս: Մյուս կողմից՝ չլինեին Շիրվանզադեի այդ գործերը, Աբելյանը շատ բան կորցրած կլիներ»: