Սրանց ո՞ր խոսքին հավատաս, լա՞վ օրից եմ տունս թողել, ըստեղ եկել. արցախցի
copy image url

Սրանց ո՞ր խոսքին հավատաս, լա՞վ օրից եմ տունս թողել, ըստեղ եկել. արցախցի

Ներքին 10 ամիս առաջ - 00:00 18-06-2024
Արցախից բռնի տեղահանված Սամվել Հակոբյանը հոկտեմբերից ընտանիքի հետ Գյումրիում է ապրում։ Տունը, որտեղ ապրում են, ասում է, պատրաստ էր գնել, եթե կառավարությունը բնակարանի շուկայական արժեքին համապատասխան գումար տար։

«Իրենց տված էդ գումարով աբսուրդ ա, որ կարողանաս տուն առնել։ Ես կռված մարդ եմ, պետք եղավ՝ էլի կկռվեմ, բայց պիտի ըսենց չվարվեն մարդկանց հետ։ Խաբում են ու խաբում, սրանց ո՞ր խոսքին հավատաս։ Ասում են` ՀՀ քաղաքացիություն ընդունեք, ինչի՞, որ էդ 2 կոպեկ աջակցությունն էլ չտա՞ք։ Ես լա՞վ օրից եմ տունս թողել, ում համար ա՞ հեշտ լիքը տունդ թողնես ու գաս վարձով ապրես»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի տղամարդը։

Արցախից բռնի տեղահանված Սամվել Հակոբյանն ասում է, որ ինքը մեծ սիրով կգնա Արցախ։

«Ավելի լավ է՝ գնամ էնտեղ իմ Ղարաբաղում իմ ձեռքով խրճիթ սարքեմ, բայց իմը լինի։ Էս ի՞նչ են անում սրանք...92 թվին խաբին, 2016-ին խաբին, 2020-ին խաբին, հիմա էլ են խաբում։ Ծրագիրը կա, բայց ամեն ինչ էնքան էլ հստակ չէ։ Գումար են տալիս, բայց հաշվի չեն առնում, թե տների գները ուր են հասել։ Աշխատանք չկա, ես որտեղի՞ց գումար ավելացնեմ իրանց տված գումարի վրա, որ գոնե տարրական պայմաններով տուն կարողանամ գտնել»,-շարունակում է Սամվելը։

Արցախցի տղամարդը շատ մեծ ցանկություն ունի Գյումրիում բնակարան գնելու, բայց այստեղ է, որ կանգնում է փաստի առաջ։ Մի քանի տեղ տուն տեսել են, հավանել, բայց գումարը չի հերիքում։

Նշենք որ Սամվել Հակոբյանի ընտանիքը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի շահառու։

Հիշեցնենք որ ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են` 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։