Ալավերդիի Սանահին թաղամասը կդառնա գյուղ ու կմիանա համայնքին
copy image url

Ալավերդիի Սանահին թաղամասը կդառնա գյուղ ու կմիանա համայնքին

Ներքին 6 ամիս առաջ - 10:56 01-10-2024
Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարը խնդրել է առանձնացնել Սանահին վարչական շրջանը Ալավերդի քաղաքից և այն դարձնել համանուն գյուղ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 1-ին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Ինչպես նշել է փոխնախարարը, այդ գյուղը պետք է դառնա Ալավերդի խոշորացված համայնքի մի մասը։ «Սանահին գյուղը հազարամյա պատմություն ունի։ 1967-ից այն մտնում է Ալավերդի քաղաքի մեջ»,- նշել է Տերտերյանը։

Սանահին գյուղը նախ և առաջ հայտնի է իր համանուն վանական համալիրով, որը մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Գյուղի պատմությունը սկսվում է 10-րդ դարում վանական համալիրի հիմնադրմամբ։ Ներկայում գյուղն ունի 273 տուն։ Ազգաբնակչության ռեգիստրի տվյալներով՝ այնտեղ ապրում է 800 մարդ։