Երևան քաղաքի Ֆուդուսիի Հանրապետության փողոց սեփականատեր Ռաֆայել Սաֆարյանն ահազանգում է, դատարանի որոշմամբ կառուցապատողը պետք է դադարեցնի շինարարությունը իր տան շրջակայքում, սակայն, կառուցապատողը չի ենթարկվում դատարանի որոշմանը և շարունակում է քանդման աշխատանքները։
«Ես հիմա հանցագործության մասին հայտարարություն եմ հիմա անում, որ վարչապետն էլ իմանա իր տեղակալներով, ՔՊ-ականներով։ Կառուցապատողը մենակ չի կարող այսքան անօրինականություններ անել, եթե չունենա հովանավոր կառավարությունից կամ ամենաբարձր ատյաններից»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Սաֆարյանը։
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ոստիկանական բաժանմունքից է գալիս, որտեղ հերթական անգամ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել․ «Շինարարներն անտեսում են ՀՀ դատական իշխանության ակտերը և արհամարհանք են ցուցաբերում ՀՀ արդարադատության հանդեպ»։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա հերթական ապօրինությունն է նիկոլական Հայաստանում․ «Գոյություն ունի դատարանի կայացրած վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել․․․ ՀՀ-ում 2024 թվականիին ոտնահարվում է դատավորի կայացրած վճիռը՝ հանուն ինչ-որ մեկի բիզնես-շահի։ Չեմ խոսում բնակիչների ոտնահարված իրավունքների մասին։ Մենք հասկանում ենք, որ մարդկանց դարձրել են տուգանքի մատերիալ, մարդկանց իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, բայց որ շինարարը կարող է դատարանի վճռի վրա թքած ունենալ ու շարունակել իրագործել իր սև քանդման աշխատանքները՝ չունենալով ոչ մի օրինական փաստաթուղթ իր ձեռքի տակ, սա երևի թե հեքիաթի ժանրից է կամ մի դժբախտ պատահար»։
Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել է նաև 2018 թվականի մարտի 22-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։