«Ծնվում են մարդիկ, որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին։ Այդպիսին էին Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Անանիա Շիրակացին, Թորոս Ռոսլինն ու Գրիգոր Նարեկացին։ Այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»,- բոլոր ժամանակների մեծագույն գիտնականին այսպիսի գնահատական է տվել Մարտիրոս Սարյանը։
Այսօր աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, գիտության հսկա Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օրն է։
Դեռևս դպրոցական տարիներից Համբարձումյանի մոտ առավել ցայտուն էին դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ հակումն ու հետաքրքրությունը։ Արդեն այդ տարիներին նա հրապարակային դասախոսություններ էր կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ, իսկ 1924 թվականին՝ ընդամենը 15 տարեկան հասակում, Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ. այն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է նաև Թիֆլիսում…

1944 թվականին Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնեց աստղաֆիզիկայի ամբիոնը։ Ընդամենը երկու տարի անց գլխավորեց Բյուրականի աստղադիտարանը և ղեկավարեց այն շուրջ 40 տարի։ 1947 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ ու մնաց այդ պաշտոնում մինչ 1993 թվականը. այս ամենը աստղաֆիզիկոսի ձեռքբերումների ու կոչումների մի փոքրիկ մասն են… այդուհանդերձ, Համաբարձումյանը ԽՍՀՄ տեսական աստղաֆիզիկայի առջաին դասագրքի ու բազմաթիվ գիտական աշխատությունների։ Աստղաֆիզիկոսը գիտական դպրոցներ է հիմնել Բյուրականում ու Գյումրիում։
Համբարձումյանը իր ժողովրդի նվիրված զավակն էր։ Ղարաբաղյան պատերազմի սկզբին դերասան Սոս Սարգսյանն ու գրող Զորի Բալայանը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել: Նրանց միացավ արդեն տարեց Վիկտոր Համբարձումյանը, որի ինքնազգացողությունը վատացավ հացադուլի իններորդ օրը: Համբարձումյանին համոզել իր 82-րդ տարեդարձի օրը վերջ տալ հացադուլին և Երևան վերադառնալ կարողացավ միայն Վազգեն I Կաթողիկոսը: Նույն օրը Երևանի Կոնյակի գործարանը, իմանալով, որ մաեստրոն կոնյակ է սիրում, նրան մի շիշ կոնյակ է նվիրում:

Չնայած իր վաստակին՝ Համբարձումյանը համեստ մարդ էր։ Հայտնի պատմություն է, թե ինչպես է նա հրահանգել անջատել իր տան էլեկտրամատակարարումը, երբ իմացել է, որ թաղամասում միայն ինքն է նման «ճոխության» արժանացել։
Եվ թեև համեստ մարդ էր, բայց նաև գիտեր իր արժեքը։

Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողով էր, որի ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նրա ելույթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է նրան և Համբարձումյանը հարցնում է.
- Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:
Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.
- Նյուտոնի՞ ժամանակ:Ո՛չ, չեմ հիշում:
- Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո, ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ:
Մեծ աստղաֆիզիկոսը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։