Միջազգային գործընկերներին փաստերով ապացուցում ենք, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ
copy image url

Միջազգային գործընկերներին փաստերով ապացուցում ենք, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:30 10-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, չնայած այն բանին, որ գործող իշխանությունները համառորեն հերքում են նրանց առկայությունը։ Հայաստանում բազմաթիվ անհատներ կալանավորված են բացառապես իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար, մինչդեռ իշխանությունները և նրանց կից փորձագիտական ու քարոզչական շրջանակները պնդում են, որ հիշյալ գործիչները ձերբակալված են ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ տարբեր ժամանակներում իրենց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների համար։

Նախօրեին իրավապաշտպան Ռուբեն Մելքյանը հայտնել էր, որ իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանի հետ հանդիպում են ունեցել Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարի հետ, և փոխդեսպանին ներկայացրել են ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Ռուբեն Մելիքյանը հույս էր հայտնել, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դեռևս դեկտեմբերի կեսերին 5 իրավապաշտպաններ, այդ թվում՝ ինքը նամակ էին ուղղել ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական և ամերիկյան 10 երկրների դեսպանություններին և հանդիպում խնդրել՝ ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրենց մտահոգությունները ներկայացնելու համար։ Նա հիշեցրեց, որ այդ նամակից հետո արդեն երրորդ հանդիպումն են ունեցել. առաջինը տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերին Կանադային դեսպանության ներկայացուցչի հետ, երկրորդը՝ Նիդեռլանդների փոխդեսպանի հետ, իսկ երրորդը՝ այսօր Չեխիայի դեսպանի հետ։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ հանդիպումների ընթացքում դեսպաններն ու դեսպանությունների ներկայացուցիչները ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ գնահատականներ չեն տալիս։ «Դրա փոխարեն շնորհակալություն են հայտնում մեզ՝ տեղեկատվությունը ներկայացնելու համար, խոստանում են գործերն ավելի մանրամասն ուսումնասիրել և դրանից հետո համապատասխան հետևություններ անել»,- նշեց նա։

Հարցին, թե ինչով է պայմանավորված միջազգային գործերների նման մոտեցումը, և արդյոք դա կապ ունի քաղբանտարկյալների քաղաքական հայացքների հետ, մեր զրուցակիցը նշեց, որ չի ցանկանում իր անձնական կարծիքը հայտնել, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ իրենք պետք է իրենց խնդիրը կատարեն՝ բոլոր դռները թակնեն և միայն դրանից հետո հետևություններ անեն։ «Մարդիկ իրավունք ունեն ասել, որ տեղեկացված չեն եղել, իսկ մենք կտեղեկացնենք, որպեսզի նման դատողություններ չլինեն։ Մենք ներկայացնում ենք, թե ինչպիսի իրավիճակ էր 10 տարի առաջ, ինչպիսի ուշադրություն և հրապարակային հայտարարություններ կային, դատավարություններին տարբեր դեսպաններ անձամբ էին մասնակցում և այլն։ Մենք վկայակոչում ենք նախկին իրավիճակը և մեր ակնկալիք ենք հայտնում, որ նույն մոտեցումը հիմա կլինի»,- ասաց նա։

Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն բանին, շատ արագ դիրքորոշման ձևավորում կամ փոփոխություն դժվար է ակնկալել, բայց այս աշխատանքները պետք է կատարել, որպեսզի որևէ մեկը չկարողանա ասել՝ նման մոտեցման պատճառն այն է եղել, որ տեղեկացված չեն եղել։ Նա նշեց, որ դեսպանությունների ներկայացուցիչներին իրավիճակը շատ մանրամասն են ներկայացնում։

Մեր հարցին, թե եվրոպական գործընկերների շրջանում ինչպիսի տարածում ունի իշխանությունների այն թեզը, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ գոյություն չունեն, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ իրենք ոչ թե օդի մեջ բաներ են խոսում, այլ Եվրոպային խորհրդի կողմից հաստատված չափանիշներով են ապացուցում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչպես նաև նշում են, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով և լսարանում միջազգային գործընկերների մասնակցությամբ դա հիմնավորել. «Մենք ոչ թե հայտարարություններ ենք անում, այլ իրավական ձևով և փաստերով ապացուցում ենք, որ գործ ունենք քաղբանտարկյալների հետ»։

Մելիքյանը հավելեց, որ իրենք բերում են ազգային և այլ հիմքով թշնամանք հրահրելու հոդվածի կիրառման պատմությունը, որը մինչ օրս կիրառվել է 4 անձի նկատմամբ՝ 2-ը եղել են իշխանամետ , 2-ը՝ հականիկոլական. «Հականիկոլականներից մեկն Արմեն Գրիգորյանն էր, որը մահացավ դատական նիստերի դահլիճում, մյուսը՝ Նարեկ Մալյանն է, որն արդեն տևական ժամանակ է, ինչ անազատության մեջ է, իսկ 2 նիկոլականներից ոչ մեկն անգամ 1 օր անազատության մեջ չի եղել։ Սա արդեն խոսում է տարբերակված մոտեցման և քաղբանտարկյալ հասկացության մասին։ Այսինքն՝ մենք մեր պնդումներն ապացուցելու համար իրավական միջոցներն ենք օգտագործում, և իրավիճակն այնպիսինն է, որ դա ամենևին էլ բարդ չէ»։

Իրավապաշտպանը հիշեցրեց նաև, որ իշխանամետ գործիչներից մեկը Սաշիկ Սուլթանյանն է, ով ազատության մեջ է և անգամ չի ներկայացել դատավարությանը՝ ապացուցելով, որ իր նկատմամբ պետք է ավելի խիստ միջոց կիրառվեր, իսկ մյուսը՝ Ռուստամ Ավագյանը, ով դեռևս 2022 թվականի սկզբներին «արցախցիների վրա բայրաքթարներ էր ուղարկում»։

Դավիթ Գույումջյան