Ռուս խաղաղապահներին թող նրանք գնահատեն, ում խաղաղությունը պետք է պաշտպանվեր
copy image url

Ռուս խաղաղապահներին թող նրանք գնահատեն, ում խաղաղությունը պետք է պաշտպանվեր

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 21-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած Արցախի Հանրապետության լիակատար հայաթափմանը և Ադրբեջանի կողմից օկուպացմանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում այնտեղ 5 տարի ժամկետով տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դեռևս մնում է այնտեղ։ Ռուսական կողմն այս կապակցությամբ պարբերաբար հայտարարություններ է տարածում՝ նշելով, որ խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց գործառույթները։

Նախօրեին էլ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ ռուսական զորախմբի առջև դրված է 2024 թվականին Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանման խնդիրը։ Այս հայտարարությունը բնակչության լայն շրջանակները զավեշտալի են համարում, քանի որ հարց է առաջանում, թե Արցախի լիակատար հայաթափումից հետո ում համար են խաղաղապահներն անվտանգություն ապահովելու։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանից։ Նա նշեց, որ չի ցանկանում գնահատել որևէ մեկի, այդ թվում Ռուսաստանի պաշպանության նախարարի կողմից հնչեցված հայտարարության ողջամտությունը։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ հայտարարության ողջամտությունը կարող են գնահատել այն մարդիկ, ում համար այդ խաղաղությունն ու կայունությունը ապահովվելու է։

«Այսինքն՝ ռուս խաղաղապահները ում խաղաղությունը պետք է պաշտանեին, նրանք էլ թող գնահատեն որքանով է ողջամիտ այս հայտարարությունը»,- ասաց նա։

Մեր հարցին, թե որն է նման հայտարարություններ հնչեցնելու իմաստը, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի հարցն ուղղել այդ հայտարարությունը անողին։

Ճշտող հարցին, թե Արցախի ամբողջական հայաթափումից հետո ո՞րն է այնտեղ ռուս խաղաղապահների գտնվելու իմաստը, մեր զրուցակիցը նշեց, որ այս հարցի հասցեատերը նույնպես ինքը չէ։

«Իրենք գտնում են, որ այդտեղ անելիք ունեն, ուստի ճիշտ կլինի այդ հարցն էլ իրենց տալ։ Բայց եթե այդ խաղաղապահների գլխավոր ֆունկցիան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումն էր, և այժմ այնտնեղ հայ բնակչություն չկա, ապա նույն հարցը ես կարող եմ տալ, ինչպես դուք եք տալիս»,- եզրափակեց նա։

Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Քրիստինե Պողոսյանը, Oragir.News-ի հարցին ի պատասխան նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում անդրադարձել է այս հարցին, և ինքը ավելացնելու ոչինչ չունի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարացազրույցում ռուսական կողմին հորդորել էր ընթերցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին 8 կետերը և տեսնել, թե որ կողմն իր պարտավորությունները չի կատարել։

«Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն:

Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»,- ասել էր Փաշինյանը:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի