«Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը խոսել է վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին։
Լրագրողի հարցին, թե ինչու հենց հիմա Ադրբեջանը դիմեց նման սադրիչ և ագրեսիվ գործողությունների, Մարուքյանը պատասխանեց․
«Ադրբեջանը նոր չէ ագրեսիայի գնացել։ Ադրբեջանը նոյեմբերի 10-ի պայմանագրից ուղիղ մեկ ամիս անց Խծաբերդի դեպքերով գնաց ագրեսիայի և շարունակել է այս ագրեսիան նաև դեպի ՀՀ տարածք։ Չենք մոռանում, որ Ադրբեջանը այսօր նաև ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում առաջ եկած է և օկուպացրել է։ Իսկ վերջին դեպքերը ուղիղ կապված են Լաչինի միջանցքի փոփոխության հետ, և Ադրբեջանը փորձ է անում այս ահաբեկչության միջոցով ստիպել, որ Հայաստանի Հնարապետությունը համաձայնվի Ադրբեջանի պահանջներին, որոնք որևէ ձևով չեն բխում եռակողմ հայտարարության դրույթներից։ ՀՀ-ն իր դրած ստորագրությանը հետևում է, այսինքն՝ մենք մեր պարտավորությունները իրականացնում ենք, իսկ Ադրբեջանը իր պարտավորությունները կա՛մ չի իրականացնում, կա՛մ այլ կերպ է մեկնաբանում՝ ի վնաս հայակական կողմի։ Մենք հանգել ենք մի իրավիճակի, երբ պահանջվում է, որ Լաչինի միջանցքը տեղափոխվի ժամանակից շուտ, մինչև եռակողմ հայտարարության մեջ նշված հստակ ժամկետները Ադրբեջանը չի պահպանում։ Իրենք ահաբեկչությամբ փորձում են ճշնել հայկական կողմին»։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը ցանկանում է կտրել Արցախը Հայաստանից, մեկուսացնել այն, Մարուքյանը նկատեց․«Այդ դեպքում պետք է սկզբից մեկուսացնեն նաև խաղաղապահներին։ Նրանք փորձում են էթնիկ զտումների քաղաքականության միջոցով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի ՀՀ-ն եռակողմ հայտարարությունը մեկնաբանի այնպես, ինչպես իրենք են մեկնաբանում»։
«ՀՀ-ն պահանջում է, որ ՌԴ խաղաղապահների կոնտինգենտը կատարի այն առաքելությունը, որն ի սկզբանե եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ՌԴ նախագահի հրամանագրով և ՌԴ դաշնային ժողովի վավերացմամբ դրվել է խաղաղապահ առաքելության վրա»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։