Նախօրեին դատավորների ընդհանուր ժողովը Էդգար Հովհաննիսյանին ընտրեց ԲԴԽ անդամի պաշտոնում։ Մինչ այդ մամուլում հրապարկում եղավ այն մասին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հերթով իր մոտ է հրավիրել մարզերի և Երևանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել՝ ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով ժողով չի ընթանալու: Վերջինս պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը:
Oragir.News-ը զրուցել է փաստաբան Նինա Կարապետյանցի հետ։
- Տիկին Կարապետյանց, արդյոք Կարեն Անդրեասյանի գործողությունները միջամտությո՞ւն չեն դատական համակարգի գործունեությանը։- Անկեղծ ասած՝ մի քիչ վատ եմ պատկերացնում Կարեն Անդրեասյանի կողմից սառնալիք հնչեցնելը։ Չեմ կարծում, որ այդ պաշտոնը իրեն այնքան է փոխել, որ նա այլևս սպառնալիքի տոնով ի վիճակի է խոսելու։ Բայց, միաժամանակ, այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործիքակազմերով, տարբեր տեսակի ոչ ցանկալի միջոցներով փորձում է ինչ-որ պրոցեսներ իրականացնել՝ զսպելու դատավորներին, ինչ-որ իմաստով, կարծում եմ, կա նման իրավիճակ։ Այն, որ ԲԴԽ-ում իշխանությունը ցանկություն ունի ամեն գնով ստանալ իրեն մաքսիմում լոյալ մարդկանց և որևէ կերպ դուրս թողնել այդ համակարգից քիչ թե շատ իրեն չենթարկվող մարդկանց, դա էլ է փաստ։ Չենթարկվող, չհամակերպվողները կա՛մ ուղղակի դուրս են մնում ինչ-ինչ պրոցեսներից, կա՛մ անուղղակի դիմում են գրում ու հեռանում են։ Փորձում են ու դեռ փորձելու են ճնշումներ գործադրել դատավորների վրա։ Փոխարենը կային շատ լավ միջոցներ՝ չարաբաստիկ լյուստրացիան և վեթինգը, որ հնարավորություն էին տալու բոլորին անցնել այդ լյուստրացիան ու հնարավորինս բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել՝ ներառյալ ԲԴԽ անդամներին։ Առաջին հերթին այդ լյուստրացիան ու վեթինգը պետք է իրականացվեին ԲԴԽ անդամների նկատմամբ։ Արդյունքում, ԲԴԽ-ում մենք չպետք է ունենայինք բազմաթիվ մարդկանց՝ թե՛ իշխանության կողմից նշանակված, թե՛ դատավորների կողմից ընտրված։ Այնպես որ, որպես գործիքակազմ օգտագործվում են իրավիճակային լուծումները։ Տպավորություն է, որ իրենք ոչ միայն դատական համակարգի ներկայացուցիչներ են, այլ հրշեջներ են․ որտեղ «պաժառ» է ընկնում, գնում են հրդեհը հանգցնելու։ Այսպես համակարգային խնդիրները չեն լուծում։
- Տիկին Կարպետյանց, դեռ 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով շրջափակվել էին դատարանները, այդ օրը Դուք պնդում էիք, որ մեկ տարվա ընթացքում դատարանները այդպես էլ չբարեփոխվեցին, Դուք պնդում էիք, որ դատական համակարգը «ծառայում է հանցավոր ռեժիմին»։ Հիմա դատական համակարգը ծառայո՞ւմ է կամ գոնե փորձ արվո՞ւմ է ծառայեցնել գործող իշխանություններին։- Նախկինում արդարադատության համակարգը ամբողջ ծավալով օգտագործվում էր որպես հանցավոր ռեժիմի գործիք։ Այն երբեք չի եղել արդարադատության համակարգ։ Արդյոք այսօրվա իշխանությունը ամբողջությամբ իրեն կարողացե՞լ է ենթարկել այս դատական համակարգը․ ո՛չ, չի կարողացել։ Այնուամենայնիվ, ես հիմա շատ մեծ թվով մարդկանց հետ եմ շփվում, այդ թվում՝ դատավորների, դատախազների, ոստիկանության ու կոնկրետ դատարանների մասին, եթե խոսենք, ես տարբեր կարծիքներ եմ լսել մասնավոր զրույցներում։ Կարող եմ ասել հետևյալը․ հատկապես դատական համակարգում հետևյալ իրավիճակն է․ կան դատավորներ, որոնք սրտնեղած են, որ նախորդ հանցավոր ռեժիմը, որն իրենց լավ գործի էր դրել, այլևս չկա, ու իրենք այդքան ազատ ու պաշտպանված չեն։ Նրանք հիմա ամեն ինչ անում են, որ նախորդ ռեժիմը վերադառնա, այդ թվում՝ նաև դատական ակտերով որոշումներ կայացնելով։ Կան դատավորներ, որ այնքան անողնաշար են, որ իրենց համար կապ չունի, թե ով կլինի իրենց տերը, կարևորը՝ օրվա իշխանությունը լինի։ Իշխանությանը ծառայելը իրենց համար սրբազան պարտք է, ու կապ չունի՝ ինչքանով են օրինական կամ անօրինական պահանջները։ Կա ձևավորված նաև դատավորների երրորդ խումբը, ովքեր շատ ավելի երիտասարդ կադրերն են, ավելի կրթված կադրերն են։ Իրենք շատ լավ հասկանում են դատավորի իրական կարգավիճակն ու առաքելությունը։ Իրենք իսկապես շատ նեղվում են, որ իրենց գործունեությամբ չեն կարողանում փոփոխությունների բերել։ Այս երեք կատեգորիաները կան։ Հետևաբար, եթե նախկինում պատվերները գալիս էին մեկ տեղից, ապա հիմա պատվերները գալիս են տարբեր տեղերից, ու տարբեր տերերից, մեջտեղները տուժում են այն դատավորները, որոնք իսկապես գիտակցում են իրենց կարգավիճակը, իսկապես իրականացնում են արդարադատություն, ուզում են աշխատել, բայց իրենց էլ մնացածի հետ խառնում են ցեխի ու կեղտի հետ, ու ստացվում է շատ վատ վիճակ։ Արդյունքում, միայն նրանք են տուժում, որովհետև մնացածը տերեր ունեն, իրենք չունեն ու չեն էլ ուզում ունենալ։ Գործընկերներից մեկը շատ լավ գնահատել էր դատական համակարգի վիճակը։ Ասում էր՝ եթե արդարադատության ու դատական համակարգի վիճակը նախկինում կայուն ծանր էր, ապա հիմա տոտոլ քաոս է, իսկ քաոսից օգտվում են միայն նրանք, ովքեր մեծ ծավալի հանցագործություններ են անում։ Շարքային քաղաքացու և պետության տեսանկյունից դա ոչ մի լավ բանի չի բերում։
- Սրա՞նք էին այն բարեփոխումները, որի համար 2019-ին շրջապատվում էին դատարանները։- Դատական համակարգը ոչ մի կերպ չի բարեփոխվում։ Ավելին, վատ ավանդույթներն էլ խորանում են։ Կան միջամտության ձևեր, որոնք նույնությամբ չեն աշխատում, բայց դրանից էությունը բարեփոխում չի դառնում։ Փոխվել են ձևերը, մեթոդները։ Մեծ մասով դատական համակարգը օր ու արև չունի, իր գործունեությամբ զբաղվելու փոխարեն ստիպված է զբաղվել ինքնապաշտպանությամբ։ Սա նորմալ չէ։ Երբ ընտրովի արդարադատություն է իրականացվում, դա բարեփոխում չէ։ Երբ ըստ նպատակահարմարության ինչ-որ դատավորի լիազորություն է դադարեցվում, իսկ մեկ այլ դատավոր լրիվ նմանատիպ իրավիճակում է, բայց իր գործը չի հասնում ԲԴԽ, դա բարեփոխում չէ, դա ամեն ինչ է, բացի արդարադատությունից։
- Հիմա, երբ հետահայաց նայում եք 2019 թ․ իրադարձություններին, երբ շրջափակվում էին դատարանները, դա արդարացվա՞ծ էր։ Դա իսկապե՞ս բարեփոխումների համար էր, թե՞ հակառակը։- Հեղափոխական իրավիճակներում շատ անգամ անհրաժեշտ է գնալ իրավունքի հետևից ու չկառչել օրենքներից․․․ Ես մասնակցել եմ այդ պրոցեսներին, չեմ փոշմանում, որ մասնակցել եմ, այդ պահին ես համոզված էի, որ նոր եկած իշխանությունները կարիք ունեն աջակցման ու սատարման, որպեսզի գնան իրական բարեփոխումների։ Այդ պահին ինձ համար պարզ էր, որ դա ուղղակի ձևական միջոցառումն էր հերթական անգամ ատամներ ցույց տալու ինչ-որ մեկին, բայց միաժամանակ, ես շատ ավելի շուտ հայտարարել եմ, որ այն, ինչ անում են իշխանությունները, արդարադատության բարեփոխումների հետ որևէ աղերս չունի, ու դրանք ոչ մի լավ բանի չեն բերելու։ Իսկ մասնակցության հետ կապված՝ չեմ փոշմանել։ Եթե լինի որևէ հեղափոխություն, և եթե լինի իրավունքի ուժով սատարելու անհրաժեշտություն, ես նորից լինելու եմ փողոցում։