Դավաճանության խոստովանություն. եթե Արարատ Միրզոյանի նմանները չպատժվեն, ՀՀ-ի փլուզումն անխուսափելի է
copy image url

Դավաճանության խոստովանություն. եթե Արարատ Միրզոյանի նմանները չպատժվեն, ՀՀ-ի փլուզումն անխուսափելի է

Ներքին Խոսք 2 օր առաջ - 19:45 17-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Հայաստանի ներկայիս արտգործնախարարը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս վարչապետը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարատևում են պետականակործան այն դավաճանության մեջ, որի բարձրագույն գագաթնակետը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, որով էլ պայմանավորված են դրան հաջորդած բոլոր զարգացումները։ Եթե դրանք արմատապես չկանխվեն կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության վերացմանը՝ շատ մոտ հեռանկարում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ մեկնաբանելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանն արցախցիների իրավունքների խնդիրը չի բարձրացնում, քանի որ Արցախում այլևս հայեր չեն ապրում։



Ալեքսանդր Քանանյան

Նախօրեին Արարատ Միրզոյանը ԱԺ-ում նման կերպ էր փորձեց հիմնավորել այն իրողությունը, թե ինչու Հայաստանը բանակցային գործընթացում Արցախի բնակչության իրավունքների հարցը չի բարձրաձայնում։ «Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը չի կարող շարունակվել, էն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»,- ասել էր Միրզոյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ալեքսանդր Քանանյանը շեշտում է՝ 1990 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով, որը պետանակերտ ու հիմնադիր իրավական ուժով ընդունված փաստաթուղթ է, Արցախը, ինչպես նաև Խորհրդայաին Հայաստանը երրորդ հանրապետության համահիմնադիրներն են։ Նրա խոսքով՝ հետևաբար հենց ամենասկզբից բոլոր արցախցիները՝ ծննդյան իրավունքով և ներկայիս հայոց հանրապետությունը հիմնադրելու իրավունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

«Արցախն Ադրբեջանի հետ այդպես էլ չճշգրտված միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրով Հայաստանի Հանրապետության մաս է, նրա ինքնիշխան տարածքի անքակտելի մասն է։ Որչափ էլ 1991 թվականին Լևոն Տեր–Պետրոսյանը և նրան հաջորդած վարչազավակները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ներկայիս տխրհռչակ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ առիթներով այլ տեսակետներ են արտահայտել, արձանագրում ենք, որ 1991 թվականից ի վեր արցախաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կոպորորեն զրկված էին իրենց կարևորագույն սահմանադրական իրավունքից՝ ընտրություններին մասնակցելու ճանապարհով Հայաստանի Հանրապետության բարձրագույն գործադիր և օրեսնդիր իշխանություն ձևավորելու։

Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ անբարո և հակասահմանադրական ոտնձգությունը՝ արցախցիներին հռչակելու իբր Հայաստանի Հանրապետության քաղաքացություն չունեցողների, երբ մի վարչապետ՝ առանց որևէ նվազգույն իրավունքի 100 և ավելի հազար ՀՀ քաղաքացիներին ապօրինաբար և բնականաբար թվացյալ կերպով զրկել է ՀՀ քաղաքացիությունից և պարտադրում է ինչ-ինչ պահանջների դիմաց կրկին ընդունել ծննդյան իրավունքով իրենց պատկանող քաղաքականությունը, նույնպես բոլոր հնարավոր դավաճանությունների և հակապետական հանցագործությունների գլուխգործոցն է։

Հետևաբար՝ ներկայիս կառավարությունը, այդ թվում Արարատ Միրզոյանը, պատասխանատու են Հայաստանի Հանրապետության անօտարելի սահմանադրական տարածքի մաս Արցախն ապօրինաբար՝ առանց որևէ մանդատի և սահմանադրական իրավասության, Ադրբեջանին հանձնելու համար։ Սա ծայրահեղ պետական դավաճանություն է։ Ես նրանց մեղադրում եմ ծննդյան իրավունքի ուժով Հայաստանի Հանրապետության համահիմնադիր արցախցիների ՀՀ քաղաքացիությունը հերթական անգամ անտեսելու, մերժելու և փաստացի զրկել փորձելու ոտնձգության մեջ»,- կարծում է նա։

Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ մեծագույն ցավն այն է, որ մեծ հավանականությամբ այս պետական դավաճանները կխուսափեն դաշտային պատասխանատվությունից՝ իրենց ծայրահեղ, պատմության մեջ հավասարը չունեցող դավաճանական, հանձնողական, պետությունը գիտակցաբար լուծարելու ոտնձգությունների համար, սակայն վերջիններիս հավիտենական անեծքը և դժոխքը երաշխավորված է։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի բնակչությունն ողջ հայությունը շարունակի հանդուրժել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը, այլ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած քաղաքական դաշտը, որի ընդդիմադիր և իշխանական հատվածները միևնույն համակարգի ու գաղափարախոսության ծնունդն են, եթե ոչ մոտակա տարիներին, ապա մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կորցնելու ենք։

«Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները և լիովին փլուզվող աշխարհակարգը լավագույն հուշող հանգամանքներն են, որ դա տեղի է ունենալու, եթե Արարատ Միրզոյանի պետ պետական դավաճանները չենթակվեն խստագույն պատասխանատվության և հասարակության կողմից չձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք դեռևս ունակ կլինեն փրկել Հայաստանի Հանրապետության գոյությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան