Լույս է տեսել հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից թարգմանված «XX դար․ ռուսական պոեզիայի ընտրանի» գիրքը։
Oragir.News-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանը ասաց, որ «XX դար․ ռուսական պոեզիայի ընտրանի»-ի վրա սկսել է աշխատել 2019 թվականից։
«2020 թվականին արդեն պատրաստ էր հրատարակության, բայց այն ցավալի ու ողբերգական դեպքերը, որոնք կատարվեցին Հայաստանում, ուղղակի կաշկանդում էին, և այդ տրամադրության մեջ չէի, ձեռքս չէր գնում, որ պատրաստի նյութը տրամադրեի հրատարակչին։ Այդ դառնությունը ուղղակի կտրեց ինձ մշակույթից, պաշտոնական իմ գործից և այլն։ Շատ անպտղության ժամանակներ էին, որովհետև ամեն վայրկյան դու ունես հայրենիքի կորստով ապրելու զգացողություն։ Հայրենիքի կորստով ապրելու զգացողությամբ էինք ապրում և շարունակում ենք ապրել, բայց այնուամենայնիվ վերջերս մտածեցի, որ գուցե ինչ-որ լուսավոր լուսամուտ է պետք բացել, և տվեցի հրատարակչին, բայց գիրքը արդեն ավարտված էր, պատրաստ էր տպագրության»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Գալստյանը նշում է, որ մեր դառը ժամանակները բոլորովին ստեղծագործելու ժամանակներ չեն, բայց միևնույն ժամանակ դա փրկում է իրեն։
«Այս իրականության մեջ ցավը, գիտակցումը, բաց նյարդով այս ամեն ինչի տեսնելն ու գիտակցելը իհարկե դժվարացնում են, և ես կարծում եմ, որ ինձ նման շատ ստեղծագործողներն են այս ապրումները ունենում։ Բայց ես գիտեմ շատերին, որ նաև ստեղծագործության մեջ են փախուստը տեսնում, արարումի մեջ, որովհետև չի կարելի դառնանալ, փակվել, չշնչել։ Եվ ես ինքս մտածեցի, որ առիթ տամ լավ գրականության հետ շփվելու ընթերցողին»,- նշեց Գալստյանը։
Գալստյանը ասում է, որ ժողովածուն նախ և առաջ թարգմանչի զգացական ընտրությունն է։ Իր դեպքում զգացական է այն իմաստով, որ 20-րդ դարը հարազատ է իրեն՝ թե՛ մշակույթը, թե՛ պոեզիան։
«Երբ ասում եմ, որ իմ զգացական ընտրությունն է, բնականաբար այս կամ այն բանաստեղծությունը, երբ թարգմանում եմ, կոնցեպտը այդ պահին իմ հետ խոսելն է, բանաստեղծությունը, գործը այդ պահին ինձ հետ ինչքանով է խոսում, իմ տրամադրության, օրվա գույնի, մեր ընթացքների հետ։ Բանաստեղծը գործ ունի իր բանաստեղծության հետ, թարգմանիչն էլ՝ իր ընտրության հետ, որովհետև ես պատվեր չեմ կատարել։ Սա իմ ճաշակի, զգացումի, այսպես ասած, թելադրանքն է։ Վստահաբար այդ ընտրության մեջ իմ ապրումը կա, իմ զգացողությունը կա։ Ռուսական մշակույթը մեզ շատ հարազատ է»,-ասաց Գալստյանը։
Թարգմանիչը նշում է, որ գրքում կան հեղինակներ, ովքեր համարվում են 60-70-ականների ռուսական պոեզիայի բարձունքները գրաված գրողներ։ Նրանցից մեկը Էդուարդ Ասադովն էր, ով ծագումով հայ էր։ Լիլիթ Գալստյանը ասում է, որ հեղինակների ընտրությունը որևէ կոնցեպտ չունի, և ընտրել է իր համար այն ընտիրներին և այն գործերը, որոնք խոսել են իր հետ և զգացել է դրանց երաժշտությունը։

Թարգմանիչը նաև ասում է, որ բանաստեղծություն թարգմանելը բացառիկ ճիգ ու ջանք, նաև տաղանդ է պահանջում։ «Դու պետք է չսպանես տողը։ Տողը չսպանելու պատասխանատվությամբ եմ մոտեցել։ Եվ իհարկե ինձ օգնել է հայ գրականությունը, եթե մենք չունենայինք շքեղ հայոց լեզուն և բանաստեղծական ավանդը, ես և որևէ թարգմանիչ չէր կարողանա այդ ծովում լողալ ազատորեն, եթե հայ գրականության, մշակույթի, բանաստեղծության տողը չլինի իր մեջ։ Հայ գրականության և ռուս գրականության երկխոսությունը միանշանակ այստեղ կա, եթե երկխոսությունը չկա, և դու հավասարապես չես սնվել քո գրականության ժառանգությունից, դու չէիր կարող ռուս գրականությունը հայերեն դարձնել, և ես երախտապարտ եմ մեր ժառանգությանը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Լիլիթ Գալստյանն ասում է, որ գիրքը պետք է կարդալ այս դառը օրերում չմեռնելու համար։
«Երբեմն այս կյանքի դառնության, քաղաքականության մեջ լկտիության և անբարոյականության մի չափաբաժին կա, որ ես մաքրվում եմ մշակույթով։ Երբ պեղում ես մի լավ մարդ ես գտնում, որ հետը խոսես, որ չմեռնես այս անբարո իրականության մեջ։ Լավ ստեղծագործությունը թթվածին ունի իր մեջ, ապրելու հույս, բացվող հորիզոն, հայացք․․․ Ես չեմ ուզում պարտադրող լինել, որովհետև անհամեստ է իմ աշխատանքի մասին այսպես խոսելը, բայց անկեղծորեն այս ամենը թարգմանել եմ ինքնահանձնարարությամբ»,- ասաց Լիլիթ Գալստյանը եզրափակելով զրույցը։