Ադրբեջանը ուժի կիրառմամբ փորձում է ստիպել կատարել իր բոլոր պահանջները
copy image url

Ադրբեջանը ուժի կիրառմամբ փորձում է ստիպել կատարել իր բոլոր պահանջները

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:30 10-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս շաբաթ տարածաշրջան էր այցելել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այցի շրջանակներում Տոյվո Կլաարը հանդիպումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները, ինչպես նաև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։

Հատկանշական է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցին զուգահեռ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների սպասվող հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հունիսի 12-ին։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ընդգծեց, որ ակնհայտորեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են արևմտյան և ռուսական ձևաչափերով, և երկուսն էլ իրար դեմ մրցունակ են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից վաշինգտոնյան հանդիպումից հրաժարումն ավելի շատ մարտավարական նշանակություն ունի։

Ադրբեջանագետը նկատում է, որ Բաքվում փորձում են հասկանալ, թե որ կողմն է իրենց ավելի բարենպաստ պայմաններ առաջարկում, չնայած այդ առաջարկների վերաբերյալ արդեն ակնհայտ փաստեր կան։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համատեքստում և այլ հարցերում փորձում է իր դիրքերն ամրապնդել։ Հետևաբար այս այցերը կարող են նաև դրան միտված լինել, սակայն սա իմ ենթադրություն է»,- ընգծեց նա։

Անդրադառնալով Տոյվո Կլաարի՝ տարածաշրջան կատարած այցելությանը՝ Գառնիկ Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արցախի հարցով ամբողջ եվրոպական համայնքն ունի հստակ և վճռական դիրքորոշում։ Նրա խոսքով՝ եվրոպական համայնքի համար նորմալ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ բոլոր այն վտանգների վրա, որոնք եղել են 90-ականներին և կան այսօր, իրենք աչք են փակել։ «Հետևաբար Ադրբեջանի համար ավելի հարմար է համագործակցել այն կողմի հետ, որն այդ հարցերի շուրջ իր հետ ունի մեկ ընդհանուր կարծիք՝ չեն խոսում իրավունքների պաշտպանությունից, չեն խոսում, որ Արցախին պետք է ինչ-որ կարգավիճակ տրամադրվի և այլն։ Այսինքն, մենք գիտենք՝ եվրոպական կողմն ունի հստակ դիրքորոշում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և այդ իրավունքների պատկանելիությունը պետք է տրվի, բայց թե ինչպես և ինչ մեխանիզմներով, սա երկար գործընթաց է»,- կարծում է նա։

Հարցին, թե Տոյվո Կլաարի այցից հետո կարո՞ղ ենք Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի հերթական լարմանը ականատես լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի վերջին այցից հետո նման լարում եղավ, թե՞ Ադրբեջանի նման քայլերը պայմանավորված չեն եվրոպացի պաշտոնյայի այցով՝ ադրբեջանագետը շեշտեց, որ լարվածության աճը պայմանավորված չէ նման այցերով, քանի որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ Հայաստանի ներկայիս իշխանությանը ստիպել կոնկրետ զիջումների գնալ բոլոր այն պահանջների մասով, որոնք այդ երկիրը ունի։ Նա այս համատեքստում բացառում է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի առաջարկների, կամ նույնիսկ խնդրանքների կատարումը, և խոսքը գնում է Հայաստանի կողմից միակողմանի զիջումների մասին։

Ադրբեջանագետը կարծում է, որ Ադրբեջանի կողմից կրակոցները կրում են մարտավարական նշանակություն. «Կրակոցներն ավելի են շատանում, երբ առկա է դիցուք թաքուն պայմանավորվածություն, կամ, ըստ ինձ, կան զիջված տարածքներ, որոնք անհրաժեշտ է զենքով վերցնել, և երրորդ տարբերակը՝ կրակում են, որպեսզի Հայաստանի հասարակությանը պարբերաբար լարված իրավիճակում պահի»,- նշեց նա։

Մեր հարցին, թե Ադրբեջանին այս պահին անհրաժե՞շտ է խաղաղության պայմանագիր ստորագրել, թե՞ այդ երկրին ձեռնտու է ներկայիս իրավիճակի պահպանումը, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ եթե մենք պարբերաբար շեշտենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձեռնտու չէ Ադրբեջանին, ապա դրանով կպաշտպանենք Հայաստանի ներկայիս ոչ հայկական կառավարությանը։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ այստեղ կա նաև ևս մեկ թաքնված վտանգ՝ նշելով, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։

Դավթյանի համոզմամբ՝ Ադրբեջանը ցանկանումը է Հայաստանը տեսնել 10 հազար քառակուսի կիլոմետր և ավելի քիչ տարածքում, որում չի լինի Սյունիքը, Գեղարքունիքը և այլն։ «Սակայն հաշվի առնելով այսօրվա իրականությունը՝ իրենց տեսանկյունից Հայաստանի համար անգամ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքն է շատ։ Ակնհայտ է, որ երբ պրոցեսները զարգանում են այն հունով, որ բանակցությունները պետք է առաջ ընթանան և այդ դավադիր փաստաթուղթը ստորագրվի, Ադրբեջանը հետ է կանգնում դրանից՝ փորձելով առավելագույնը կորզել։ Այսինքն, մի քանի ամիս հետո իրավիճակ է ձևավորվելու, երբ Հայաստանն այլևս զիջելու որևէ բան չի ունենալու և արդյունքում ստանալու ենք նոր պատերազմ, կամ փոքր լոկալ բախումներ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան