Տեղ համայնքում բոլոր տղամարդիկ զենք ունեն, կա զինանոց, գիտեն, թե ինչ պետք է անեն. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է:
«Բոլորն իրենց տեղը գիտեն, որևէ բանի խնդիր չունեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե մարդիկ ասում են «մեզ զենք տվեք»՝ արձագանքեց. «Օբյեկտիվ չեն ասել: Տեղ համայնքում կա զինանոց, կա ամեն ինչ, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինքն ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ»:
Նա վստահ է ՝ Տեղում ժողովուրդը շատ բարձր մակարդակի պատրաստվածություն ունի:
Պատգամավորի խոսքով՝ Տեղ գյուղից դեպի սահմանային գոտի՝ մեր տարածքում ոստիկանությունն, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում․ «Ադրբեջանն ի՞նչ գործ ունի խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում», - ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպից հետո իրավիճակը հարաբերական խաղաղ է, երկուստեք ընթանում են շինարարական աշխատանքներ: