Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա. կառույց, որը որդեգրել է ամեն ինչ հերքելու, ոչնչի չարձագանքելու, յուրայինների և ոչ յուրայինների բաժանման և հայկական ֆուտբոլին նորանոր պատուհասներ բերելու գործելաոճը։
Մինչև 2018 թվականը, ՀՖՖ-ն ուներ նախագահ, որը բացառիկ տեղեկությունները կիսում էր «իր սիրելի լրագրողների» և ԶԼՄ-ների հետ՝ «Ազատություն» ռադիոկայան, Սաթիկ Սեյրանյան, մի քանի ֆուտբոլային լրագրողներ... այդ ժամանակ ֆեդերացիայից ինֆորմացիաներ ստանալու համար պետք էր ընդամենը լինել հայկական ֆուտբոլով մտահոգ և ունենալ իրավիճակի մասին բազային գիտելիքներ։ Ֆուտբոլային լրագրողները կարող էին հանգիստ իմանալ, թե ովքեր են, օրինակ՝ ազգային թիմի գլխավոր մարզչի թեկնածուները, որևէ ֆուտբոլիստի հետ բանակցություններն ինչ փուլում են։
Այժմ, երբ ՀՖՖ-ի ղեկավար կազմում նախկին մարզական լրագրողներ են, իրավիճակը գլխիվայր շրջվել է։ Այժմ ամեն ինչի աղբյուրը ֆեդերացիան է։ Այստեղի պաշտոնյաներն իրենց են վերագրել ինսայդներ ունենալու գործը և տեղեկությունները շրջանառում են բացառապես միմյանց մեջ։ Ոչ յուրայինների ճամբարը հանկարծ չանցնելու համար յուրայինները գաղտնապահ են, լուռ և չխոսկան։
Այժմ Հայաստանի հավաքականն առանց գլխավոր մարզչի է. ՀՖՖ-ն «բերանը ջուրն առած» խորհում է...հանկարծ լրագրողներին չհասնի, թե ում հետ ենք բանակցում... ինչպես ասել է դասականը՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Ֆեդերացիայի նման գործելաոճը, իրականում, անարգանք է նախևառաջ այն մասնագետների նկատմամբ, որոնք կարևոր պահերին կարող են ճիշտ խորհուրդներ տալ։ Իրականում միֆ է, թե ՀՖՖ-ն անցել է ազատ աշխատանքի, գործկոմի, աշխատակազմի յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել, առաջարկներ անել հայկական ֆուտբոլի թռիչքային աճի վերաբերյալ... և այլն նմանատիպ մելիքբեկյանական հեքիաթներ։ Այժմ պարոններին վախեցնում են՝ ցույց տալով այն ճանապարհը, որտեղով անցել են ոչ յուրայինները և, ցավոք, այժմ առանց աշխատանք են։ Հակոբ Սիմիդյանի, Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի ղեկավարած կառույցում բոլորը պարտավոր են խաղալ իրենց կանոններով, հարել իրենց հայացքներին և վերջ... այնտեղ մանրումիջին պաշտոնները «մեջ-մեջ» են անում և բարձր աշխատավարձերով փրկում հայկական ֆուտբոլը կործանումից։
Իսկ համաշխարհային ֆուտբոլում ամեն ինչ այլ է։ Ներկայում՝ ինսայդների, բացառիկ տեղեկությունների հոսքում, ֆուտբոլը լրացվում է՝ ստանալով անհրաժեշտ երանգները։
ՀՖՖ-ն, որը սկսել է շատ սիրել «հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ» արտահայտությունը, պարզապես լրացնում է պարոնների բարդույթները, որոնք ցանկանում են գոնե այսկերպ լրջություն հաղորդել սեփական գործին, գործ, որը գրեթե 4 տարի հայկական ֆուտբոլն իջեցրել է շատ ցածր մակարդակի...
Նման կարգի փակ համակարգեր սովորաբար լինում են կամ ուժային կառույցները, որպեսզի նրանց վրա այլ ազդեցություն չլինի, կամ այն փոքրամասնությունները, որոնք օրենքի կամ հասարակության կողմից բացահայտվելու և խաչին գամվելու վտանգի առջև են։ Եվ այս փակությունը ՀՖՖ-ի գերկոռումպացված վիճակի անուղղակի ամենալուրջ ապացույցն է։
Արման Առաքելյան