Հետխորհրդային տարածքի երկրները պետք է ավելի մոտենան Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը, եթե ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունը, հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին նա տեսաուղերձով հայտնել է Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների 9-րդ ֆորումի լիագումար նիստում։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։
«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք համոզվել ենք, որ միայն միահամուռ կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով, «դեռևս կասկածող» երկրները պետք է հասկանան, որ առանց միասնության, միջպետական կապերի ամրապնդման և «պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների» երկրները կարող են բախվել էքզիստենցիալ բնույթի խնդիրների։
«Մենք վաղը կարող ենք չլինել»,- ասել է Լուկաշենկոն: