Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հետաձգել չպատվաստված քաղաքացիների համար լրացուցիչ կորոնավիրուսային սահմանափակումներ մտցնելու իր մտադրությունները՝ մեղմելով նաև ընդհանուր «երեկոյան լոքդաունը», հաղորդում է Politico-ն։
Կառավարությունը ցանկանում էր ռեստորանները, հյուրանոցները և հանրային միջոցառումների վայրերը բաց պահել կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված և արդեն ապաքինված քաղաքացիների համար:
«Չպատվաստվածների լոքդաունի» քննադատները պնդում են, որ դա անուղղակի ճնշում է պատվաստվել չցանկացողների վրա և առանձնապես չի օգնում համավարակի զսպմանը, քանի որ պատվաստվածները նույնպես կարող են վարակվել:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 19-ին։ Այժմ դա, ընկերությունների կողմից Covid-վկայագիր պահանջելու իրավունքի վերաբերյալ նախաձեռնության հետ մեկտեղ, կհետաձգվի մինչև հունվար։
Նոյեմբերի կեսերին Նիդեռլանդները դարձավ առաջին արևմտաեվրոպական երկիրը, որտեղ կրկին մասնակի լոքդաուն մտցվեց խանութների, սպորտային միջոցառումների և հանրային սննդի ոլորտի համար:
Անցած շաբաթ նաև «երեկոյան լոքդաուն» սահմանվեց՝ ռեստորանները, մարզասրահները, ոչ առաջին անհրաժեշտության խանութները կարող են աշխատել միայն մինչև ժամը 17։00-ն։
Կարանտինի դեռ առաջին խստացումը Նիդեռլանդների մի շարք քաղաքներում անկարգությունների պատճառ դարձավ, իսկ Ռոտերդամում ոստիկանությունը զենք կիրառեց։