ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները։
Դրանք Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին:
Օրենքներն ուսումնասիրվել են նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից: Նշվում է, որ դրանց կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
Օրենքների վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգել են եզրակացության, որ դրանք առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Նշվում է նաև, որ նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում: