Ոչ մի օր՝ առանց Արցախի. Սերժիկ Գրիգորյանն ու մոսկովյան դեգերումները
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Սերժիկ Գրիգորյանն ու մոսկովյան դեգերումները

Ներքին 1 օր առաջ - 22:45 18-04-2025
Նախորդիվ մենք պատմել էինք Արցախյան շարժման օրերին մեծ, հաճախ՝ վճռորոշ դերակատարություն ունեցած «Աշխատանքային խմբի» (,,Рабочая группа,,) գործունեության և նրա երջանկահիշատակ անդամներից մեկի՝ Իշխան Ավետիսյանի մասին։

Օրերս մեզ հաջողվեց զրուցել խմբի առանցքային անդամներից մեկի՝ Սերժիկ Գրիգորյանի հետ։



Մարդ, ով Շարժմանը տվել է ամեն ինչ․ արդեն 1988-ին, երբ իր համախոհների հետ համոզվել է, որ ընդհարումներն ու սադրանքներն անխուսափելի են (ըստ էության, դրանք սկիզբ էին առել արդեն հենց 88-ի փետրվարից), 45 հազար ԽՍՀՄ ռուբլով ձեռք է բերել մի քանի տասնյակ՝ մեկփողանի ու երկփողանի հարթափող հրացաններ, ինչպես նաև՝ 54 ինքնաշեն նռնականետ և 100 տուփ փամփուշտ, որոնք տրամադրվել են առավել անպաշտպան համայնքներին։

Արցախյան ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն իր զինակից Սերժիկ Գրիգորյանի ու «Աշխատանքային խմբի» մասին ասել է․ «Նա այն բացառիկ անհատներից էր, ով Շարժմանը տվել է բառացիորեն ամեն ինչ՝ չխնայելով ոչինչ։ Խումբն էլ Շարժման «բիզն» էր, այսինքն այն ուժը, որ խթանում էր Շարժման ղեկավարության աշխատանքը»։ Իսկ Շարժման առաջամարտիկներից էլ Յուրի Գրիգորյանն ասել է, թե Խումբն ու Սերժիկն Արցախյան շարժման կատալիզատորներն էին։

-Մտովի գնանք 80-ականների վերջի Ստեփանակերտ և վերհիշենք,-դիմում եմ Սերժիկին։
-Որպես խմբի ղեկավար, ընտրել էինք Ռաֆիկ Գաբրիելյանին, իսկ նրա տեղակալն էլ Վոլոդյա Բեգլարյանն էր, ով նույնպես մեծ ծավալի աշխատանք է կատարել։

Միասնականության առումով հրաշալի մթնոլորտ էր, համախմբված ու միակամ էինք՝ պատրաստ ամեն ինչի։ Պատահում էր, որ ճնշումն ուժեղանում էր, ժողովուրդը մնում էր անորոշ վիճակում, առանց տեղեկատվության։ Այդ դեպքում կազմակերպում էինք թռուցիկների տպագրությունը և տարածում դրանք ժողովրդի մեջ, բացատրական աշխատանք տանում։ Հատկապես անմոռանալի էր Արաքսյա մայրիկը՝ Արաքսյա Աղազարյանը՝ մեծ հոգու ու մեծ կորովի տեր մի հայ կին։



Մի բացառիկ անհատ էր, որ շատ հաճախ ինքն էր հուշում, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչպես, օրինակ, սումգայիթցի արհմիութենականների սադրիչ քայլի՝ մեքենաների առաջխաղացմանը խոչընդոտելն էր։ Ասաց՝ գնում ենք դրանց քշելու, և քշեցինք։

Երբ մի անգամ խուրջինի մեջ փամփուշտներ էր տեղափոխում, ռուս զինվորականները կանգնեցրին, որ ստուգեն։ Հրեց ու վեհերոտ ասաց․ «Քույրս է մահացել, Քարին տակի լոբի եմ տանում, ի՞նչ եք խանգարում, թողեք մեզ մեր դարդին»․ ու անցել է անվնաս։ Իսկ փամփուշտների վրա էլ հենց լոբին էր լցրել։

Փետրվարի 25-ին Արաքսյա մորաքույրն ասաց, որ պետք է մի պատվիրակություն էլ բանվորներից կազմել՝ Մոսկվա ուղևորվելու համար (մինչ այդ, արդեն, մի խումբ՝ Արկադի Կարապետյանը, Իգոր Մուրադյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրի Գրիգորյանը և էլի 9 հոգի եղել էին Մոսկվայում)։ Ու որոշեցինք մենք էլ գնալ։

Բաքու հասնելով՝ տեսանք, որ իրավիճակը խիստ լարված է։ Մի փունջ ծաղիկ գնեցի ու մոտեցա տոմսավաճառին՝ մի ռուս կնոջ՝ ասելով, որ ինձ շատ շտապ երկու տոմս է պետք՝ Մոսկվա թռչելու համար։ Նա էլ կատակով թե՝ դե շատ շտապ տվեք ձեր անձնագրերը։

Գիշերեցինք մերձմոսկովյան Օդինցովոյում ապրող՝ Արաքսյայի որդու տանը։
Հաջորդ օրը գնացինք ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչյովի ընդունարանը, հանձնեցինք մեր նամակը և ցանկություն հայտնեցինք հանդիպելու ազգությունների հարցերի գծով ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչի հետ։ Մեզ մոտեցավ ազգությամբ հայ մի պաշտոնյա և ասաց, որ Սումգայիթում սկսվել է հայերի ջարդը։ Հենց նրա հետ էլ մտանք բաժնի վարիչի մոտ ու առերեսվեցինք ԽՍՀՄ պետության երկդիմի քաղաքականությանը։ Ասացին, թե այդպիսի բան լինել չի կարող, դա կեղծ ինֆորմացիա է, ԽՍՀՄ ժողովուրդները եղբայրներ են․․․

Այդտեղից գնացինք ԽՍՀՄ ՆԳ նախարարություն՝ նույն պատմությունը։ Որոշեցինք գնալ «Կանանց խորհուրդ», որի նախագահն էր առաջին կին տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Վալենտինա Տերեշկովան։ Այստեղ էլ՝ անկեղծ կարեկցանք․․․

Գնացինք հայկական դեսպանություն․ ամենամեծ հիասթափությունն այստեղ էր սպասում․ դեսպանը թե՝ ի՞նչ եք ասում, այդպիսի բան պարզապես չի կարող լինել, դա պրովոկացիա է, չնայած, վստահ եմ՝ արդեն բոլորն էլ գիտեին Սումգայիթում ընթացող իրադարձությունների մասին։

Այստեղից գնացինք պատգամավորների Մոսկվայի քաղաքային խորհուրդ՝ Մոսսովետ, որից որոշակի սպասելիքներ ունեինք։ Այստեղ, գոնե, ազնվորեն խոստովանեցին, որ ոչնչով չեն կարող օգնել և խորհուրդ տվեցին տուն վերադառնալ։

Արցախ վերադառնալով՝ արդեն համոզվել էինք, որ հույսներս մեզ վրա պիտի դնենք։ Պետք էր ամուր պահել ու բարձրացնել ժողովրդի ոգին, պետք էր զենք հայթայթել՝ արդեն պարզ էր՝ առաջիկայում մեզ ծանր օրեր են սպասում։



-Եվ Դուք նախաձեռնեցիք համայնքների պաշտպանության համար զենքի հայթայթումը։
-Սպասելու ու երկմտելու ժամանակը չէր, պետք էր գործել արագ ու վճռական․ ես բավականաչափ գումար էի կուտակել իմ աշխատանքով (Սերժիկը կոշկագործ էր-Կ․Մ․) և ողջ այդ դրամագլխով ձեռնամուխ եղա զենք հայթայթելուն։ Հայաստանյան քաղաքներից մեկում համապատասխան կապեր ունեի և մի ողջ ինքնաթիռ զենք-զինամթերք բերեցի,-պատմում է Սերժիկ Գրիգորյանն ու շարունակում։

-Դե, իսկ արճճե գնդակներն էլ եղբայրս էր պատրաստում, որի համար անհրաժեշտ հումքը ես էի հայթայթում։
Երջանկահիշատակ Ռոլես Աղաջանյանի օգնությամբ ու միջամտությամբ մեկ տոննա մալուխ ձեռք բերեցինք, հալեցրինք և օգտագործեցինք այդ նպատակի համար։ Իսկ դա այն ժամանակն էր, երբ մեզ վրա սկսել էին կրակել բոլոր կողմերից։

-Ինքնապաշտպանական ուժերի սպառազինության ու հանդերձավորման ուղղությամբ գործի շարունակության համար էլ խորհրդային բանակի հետ էր անհրաժեշտ լեզու գտնել:



-Երբ ստեղծեցինք առաջին վաշտը, որ թիկունքի պետն էի, արդեն ռուսների հետ պայմանավորվել էինք նրանցից 36 հազար ռուբլու հանդերձանք ձեռք բերել։ Կար ընդամենը 18 հազարը, մյուս կեսն էլ ես ավելացրի ու բերեցի հանդերձանքը։

Ռուս զինվորականների հետ լավ կապեր էինք ստեղծել։ Շատ բան գլուխ բերինք․․․
Անհրաժեշտ էր բենզին հայթայթել։ Երկու МАЗ մեքենա էինք տարել Կիրովաբադ դրա համար։ Գումարի մի մասը ես ստացել էի փողի տեսքով, իսկ մյուս մասի դիմաց էլ պետք է վճարեի ողջ ԽՍՀՄ-ից հավաքված՝ սեփականաշնորհման սերտիֆիկատներով։ Երբ արդեն պետք է վճարեի, ռուս սպան ասաց, թե իրեն փող է պետք և ոչ թե թուղթ՝ ակնարկելով սերտիֆիկատները։ Ու ես իմ միջոցներից լրացրի պակասող մասը՝ 87 հազար ռուբլի։

-Պարտադրված էիք պայքարել․․․
-Այո, ժամանակի հետ օղակն ավելի ու ավելի էր սեղմվում, պատկերացրեք, որ անգամ իրավունք չունեինք մեր կարիքների համար արտիզանային ջրհոր փորել․ արգելված էր, ասում էին՝ կարող է պատահի՝ շրջակայքի ադրբեջանական գյուղերի ջուրը պակասի։ Նույնիսկ Թարթառ գետի վրա պահակախումբ էին դնում, որ մենք չօգտվենք ջրից, որպեսզի իրենք լիուլի ջրեն իրենց բամբակի դաշտերը։

-Ու հիմա․․․ Լավատե՞ս եք։
-Ի՞նչ խոսք, իհարկե, միանշանակ, մեր տեսակը չի կարող լավատես չլինել։
Աստված կկամենա, ու մենք կվերադառնանք մեր հայրենի եզերքը։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:


Ձեզ գուցե հետաքրքրի