«Այս ամբիոնից մեղադրանք է հնչում և պատմության հեռավոր շրջանից բերվում են մեջբերումներ, որոնք իրականության հետ աղերս չունեն, իրականությունը գլխի վրա շուռ տված՝ փորձ է արվում ներկայացնել այսօրվա ուրացման քաղաքականությունը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այն պայմանագրում, որն Ադրբեջանի հետ բանակցում եք, տեղ է գտել մի ձևակերպում, որ Հայաստանը պետք է պարտավորված լինի պայքարելու ռևանշիստների դեմ․ այսինքն՝ ազգային ուժերի, ազգային նպատակների, այս ստորացման իրողությունը չընդունող անձանց, ինստիտուտների դեմ, և ՀՀ իշխանությունը կետ առ կետ որոշել է կատարել դա՝ այդ թվում՝ օգտագործելով այս ամբիոնը և թիրախավորելով ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժին, հերոսներին, ովքեր ազատագրել էին Արցախը, ովքեր այս իշխանությանը փոխանցել էին հայկական 2 պետություններ։
Դուք երկիրն ու ժողովրդին կանգնեցնում եք կործանման փաստի առաջ․․․ Դուք ուզում եք ապացուցել, որ հայ ժողովուրդը պետականություն կայացնելու հնարավորություն չունի, և պետք է ծառայի ինչ որ մեկի՞ն․․․ Մեր ժողովուրդը թացը չորից տարբերում է, դուք դա էլ չեք ընդունում․․․ Դուք Գյումրիում 50+1%-ի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստն ու 44-օրյա պատերազմը»,- դիմելով իշխանական պատգմավորներին՝ նշեց Մինասյանը։