Մանրամասներ են հայտնի դարձել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը դիվանագիտական պատվիրակության ղեկավարի գլխավորությամբ այցով գտնվում է Մոսկվա՝ Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցելու և գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահին փոխանցելու համար, հանդիպել և բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպմանը Իրանի արտգործնախարարը գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցեց Ռուսաստանի նախագահին և ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները երկկողմ օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Իրանի ԱԳ նախարարը, կարևորելով Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագրի ստորագրումը՝ որպես երկու երկրների միջև համագործակցության կարևորագույն դրսևորում, վերահաստատել է Իրանի վճռականությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները բոլոր մակարդակներում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր ողջույններն ու առողջության մաղթանքները փոխանցելով գերագույն առաջնորդին, կարևորել է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և ընդգծել, որ երկու երկրների միջև կապերի ամրապնդումը, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համագործակցության և համակարգման հետ մեկտեղ, ծառայում է երկու ժողովուրդների շահերին և նպաստում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Այդ հանդիպմանը, երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են տարածաշրջանային հարցեր եւ առկա սպառնալիքները, ինչպես նաեւ Ուկրաինայի բանակցությունների, միջուկային ծրագրի եւ միջազգային օրակարգի հետ կապված վերջին զարգացումները: