Մի երկրում, որտեղ կարգ ու կանոն չկա, չի կարող Ոստիկանությունը լավ աշխատել․ հարցում

«Ոստիկանության աշխատողի օր», Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին։ «Ոստիկանության աշխատողի օրը» համեմատաբար երիտասարդ տոն է։

Առաջին անգամ նշվել է 2002 թվականի ապրիլի 16-ին։ Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել․ դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին օրենքը», որը կարգավորում է «Հայաստանի ոստիկանություն» հասկացությունը, խնդիրներն ու լիազորությունները, իրավական հիմքերն ու սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները։

Հենց այս պատմական իրադարձությունն էլ սկիզբ է դրել «Ոստիկանության աշխատողի օր» կոչվող տոնին։

Օրվա խորհրդի հետ կապված, Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Գո՞հ եք ոստիկանների աշխատանքից»։

Հարցվածներից շատերը դժգոհ էին նրանց աշխատանքից։ «Այլանդակություն է, այնտեղ ոստիկանություն չկա»,-պատասխանեց նրանցից մեկը։

«Դպրոցների մոտ միշտ հսկում են, այդ առումով գոհ եմ։ Անցումները անցնելիս երեխաները ապահով են»,- նշեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ այսօրվա տեսուչները անիմաստ նեղություն չեն տալիս քաղաքացիներին։

«Գոհ չեմ։ Բռնի ուժը չի համապատասխանում իրենց նորմատիվներին»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։