Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որ իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ, ներառում էր նաեւ Մարտի 8 փողոցին հարակից՝ ճանապարհին տեղադրված երկու կանգառների հիմնանորոգում: Կանգառներից մեկը, որը փայտաշեն էր, ըստ բնակիչների՝ վատ վիճակում չէր, սակայն նախորդ տարի քանդվել է՝ նորի կառուցման նպատակով: Արդյունքում Ալավերդու Մարտի 8 փողոցի շենքի՝ հասարակական տրանսպորտով երթեւեկող բնակիչների ու Ալավերդու Արհեստագործական ուսումնարանի սովորողների ու մանկավարժների համար անելանելի վիճակ է ստեղծվել: Քանդված կանգառների շինարարությունն այդպես էլ չեն սկսվել, փոխարենը՝ գարնանային հորդառատ անձրեւներն են սկսվել ու տրանսպորտի սպասել այդ պայմաններում անհնար է: Շինարարները չկան, կառուցել են միայն հիմքերն ու հեռացել:
Մարտի 8 շենքի բնակիչներից մեկի խոսքով փայտաշեն այդ ու քաղաքի մի քանի այլ կանգառներ կառուցված էին ծովափնյա Սոչիի կանգառների նույն նախագծով եւ բավականին գեղեցիկ ու ընդարձակ էին, հետեւաբար կարելի էր պարզապես նորոգել: Բայց արդեն ուշ է, կանգառները քանդված են, իսկ տեղում՝ նորերն այդպես էլ չեն կառուցվում: