Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գիտական ատեստավորման հնարավորությունից զրկվում են հայագետները, լեզվագետներն ու բարբառագետները։ Գիտական կադրերի ատեստավորման մասին փաստաթղթի 27-րդ կետի համաձայն՝ որպես գիտական արդյունքի չափանիշ ընդունվում են միայն այն հրապարակումները, որոնք տպագրվում են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսներում կամ Web of Science գիտատեղեկատվական հարթակի գրքերի հղման ինդեքսի հրատարակիչների ցանկում ընդգրկված հրատարակչություններում։ Այս հանգամանքը ենթադրում է, որ հրապարակումների լեզուն պետք է լինի անգլերենը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ հայագիտությունը, հատկապես լեզվաբանությունը, բարբառագիտությունը մեծապես տուժում են. այս ոլորտներով զբաղվող գիտաշխատողները փաստացի ատեստավորվելու հնարավորություն չունեն։
Այս մասին
Oragir.News-ը խոսեց պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ, որը նշեց՝ շատ են բողոքել այս մասով, հատկապես որ պատմագիտությունը ֆիզիկա կամ մաթեմատիկա չէ, որը ամբողջ աշխարհի համար նույնն է, հայագիտությունը ավելի շատ հայերի համար է։
«Հայագետների համար գործընթացը շատ դժվար է, որոշ դեպքերում՝ երբեմն անհնար։ Ինչպե՞ս բարբառագիտությունից հոդված տպագրենք անգլերեն կամ ռուսերեն, օրինակ՝ Վանի բարբառով։ Ունենք նեղ մասնագիտացմամբ գիտնականներ, որոնք ստիպված են իրենց գրած հոդվածները թարգմանելու տալ, որովհետև միանգամից անգլերեն գրելը չափազանց դժվարին է։ Հայերենով նույնիսկ մարդիկ դժվարանում են հասկանալ տվյալ բարբառը, ուր մնաց այդքան հարուստ տառեր ունեցող հայերենից թարգմանվի համեմատաբար ավելի քիչ հնչյունախումբ ունեցող անգլերեն կամ ռուսերեն։ Այս խնդիրները կանգնեցնում են մարդուն անելանելի վիճակի առջև»,- նշեց Մելքոնյանը։
Իսկ հատկապես բարբառագիտության դժվարությունների մասին տեղեկություն ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց բարբառագետ, ՀՀ ԳԱԱ լեզվի կոմիտեի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ։ Կատվալյանը սկզբում ներկայացրեց ատեստավորման կարգը՝ ընդգծելով, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, բայց գիտնականները ստիպված են հոդվածներ հրապարակել միջազգային հանդեսներում, որտեղ չնայած լեզուն նշված չէ, բայց պարզ է, որ անհնար է հայերենով հոդված հրապարակելը։
Հարցին, թե արդյոք դժվար չէ բարբառագիտության թեմատիկայով աշխատությունները անգլերեն թարգմանել, բարբառագետը պատասխանեց, որ հարցը ոչ թե թարգմանելն է, այլ այն, որ դրանք արվում են առաջին հերթին հայ ժողովրդի համար ու հետաքրքիր են մեզ, այլ ոչ թե միջազգային հանրությանը։
«Մեր թիրախը առաջին հերթին հայ ժողովուրդն է, հնարավոր է, որ դրսում էլ են մեզնով հետաքրքրվում, բայց դրսի համար գրելը պայման դարձնելը կոպիտ սխալ եմ համարում։ Միջազգային հանդեսների պահանջներում էլ նշված է, որ պետք է մեր աշխատությունը գրելիս հղում տանք իրենց գիտնականներին։ Արհեստական ձևով մենք նշում ենք, թե իբրև մեր աշխատությունը իրենց աշխատանքի հիման վրա ենք գրել, բայց երբեմն դա այդպես չէ»,-նշեց գիտնականը։
Վիկտոր Կատվալյանը հավելեց, որ գիտնականները իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են հոդված թարգմանելուն, բայց հաճախ հարցմանը պատասխան է գալիս, թե իրենց ոլորտային հետաքրքրությանը համապատասխան բաժին չկա տվյալ ամսագրում։ Ամսագրեր կան, որտեղ հոդված տպագրելու համար պահանջում են մեծ գումար, բայց գիտնականների համար վճարելը միանշանակ խնդիր է։
«Եթե այս նպատակը իսկապես բարի է, պետք է պահանջները բավարարողներին խրախուսել հավելավճարներով, ոչ թե պատժել՝ աշխատանքից ազատելով։ Շուտով՝ 2026 թվականին, լինելու է որակավորում, ու այդ որակավորումը կլինի պատժիչ գործողություն. ով չունի դրսում հրապարակված հոդված, կա՛մ պաշտոնից կզրկվի, կա՛մ աշխատանքից կազատվի»,- ասաց նա:
Լեզվի կոմիտեի տնօրենը նշեց, որ միգուցե նպատակը ճիշտ է, բայց իրականացման եղանակը՝ սխալ։ Մարդիկ եթե հետաքրքրված են հայագիտությամբ, թող բացեն, հայերեն կարդան համացանցով, ինչի՞ համար է այս ամենը։ Հրաչյա Աճառյանը երբեք չէր մտածի, որ ինքը ստիպված է դրսի համար աշխատություն գրել։
Այսպիսով՝ զրույցներից պարզ է դառնում, որ Հայաստանում գիտնականների ու գիտական հետաքրքրություն ունեցող մարդկանց աշխատանքը էլ ավելի են բարդացնում՝ փոխանակ նրանց ֆինանսապես աջակցելուն կամ խրախուսելուն։ ՀՀ իշխանությունների կարճամտածված որոշումների հետևանքները կրում են գիտական գործունեությամբ զբաղվող պատկառելի անհատները։